ԶՈՒԳԱՐԱՆԸ ՉԵՆ ՔԱՆԴԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժեց Նոյեմբերյանի բնակիչ Սամվել Գիշյանի հայցը, որով նա Նոյեմբերյանի քաղաքապետարանից պահանջում էր քանդել քաղաքային մարզադաշտին եւ իրեն  պատկանող հանդիսությունների սրահին հարակից տարածքում կառուցված հասարակական զուգարանը եւ տարածքը բերել նախկին տեսքին: Դատարանը Ս. Գիշյանի հայցը մերժելու համար հիմք ընդունեց այն, որ հասարակական զուգարանը կառուցվել է համայնքին պատկանող հողատարածքում, առկա է համապատասխան նախագիծ եւ շինթույլտվություն: Բացի այդ, քաղաքապետարանի կողմից կառուցված հասարակական զուգարանը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմերին եւ պահանջներին եւ խիստ անհրաժեշտություն է ներկայացնում քաղաքի բնակչության համար:
Ս. Գիշյանը պնդում է, որ նորակառույց հասարակական զուգարանի կոյուղագծի միացումն այդ տարածքում գործող բաց սելավատարին անօրինական է. առողջապահության նախարարի 2010թ. հոկտեմբերի 1-ի որոշմամբ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում հասարակական զուգարաններ տեղակայվում են հասարակական եւ բնակելի շինություններից առնվազն 50 մ հեռավորության վրա, մինչդեռ նորակառույց զուգարանը գտնվում է քաղաքի մշակույթի տան եւ հանդիսությունների սրահի կողքին: Ս. Գիշյանը հայտնեց, որ Նոյեմբերյան քաղաքի 30 բնակիչներ, որոնց բակերով անցնում է կոյուղաջրերով բաց սելավատարը, տիրող հակասանիտարական վիճակի հետ կապված  բողոքի նամակ են գրել հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը: Նա նաեւ շեշտեց, որ հասարակական զուգարանի գործարկումից հետո հակասանիտարական վիճակն ավելի է վատթարանալու:
Սակայն Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մեզ ցույց տվեց մոտակայքում առկա, դեռ չգործարկվող կոյուղու հորը: Նա ասաց, որ իրենք միջոցներ են ձեռնարկել գետնի տակ գտնվող, սակայն չգործարկվող կոյուղագիծը գտնելու եւ հասարակական զուգարանը դրան միացնելու համար: Այդ հասարակական զուգարանը կառուցվել է «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, զուգարանի շինարարության համար ծախսվել է 8 միլիոն 698 հազար դրամ, որից համայնքի ներդրումը 4 միլիոն 349 հազար դրամ է: 5500 բնակիչ ունեցող Նոյեմբերյանում հասարակական զուգարան չկար, դրա կառուցումը ներառված էր  քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի նախընտրական ծրագրում:
Նշենք, որ դատարանի այդ վճռով Նոյեմբերյանում «զուգարանային հակամարտությունը» չի ավարտվում: Սամվել Գիշյանը հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան, որով վիճարկում է Նոյեմբերյանում հասարակական զուգարան կառուցելու համար քաղաքապետարանի կողմից տրամադրված շինթույլտվության օրինականությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս