ՀԱՆԳԻՍՏ ՇՈ՛ՒՆՉ ՔԱՇԵՔ, ՏՂԱՄԱՐԴԻ՛Կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվում է  կանանց միամսյակը` մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը, երբ  գեղեցիկ սեռի ներկայացուցիչները  ստանում էին շնորհավորանքներ, ծաղիկներ, նվերներ: Հայտնի կանանց շրջանում փոքրիկ հարցախույզ արեցինք`  պարզելու, թե ով ինչպես է տոնել մարտի 8-ն ու ինչ ակնկալիքներ ունի ապրիլի 7-ից: «Ժողովուրդ» օրաթերթի հյուրերն են երգչուհիներ ԱՐՄԻՆԿԱՆ, ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

ԱՐՄԻՆԿԱ
-Մարտի 8-ը նշել եմ ընկերուհիներիս հետ, այդ ժամանակ Ամերիկայում էի: Շատ լավ ժամանակ ենք անցկացրել, նախ հրավիրված էինք «Emporio Armani»-ի փակ ցուցադրությանը, հետո էլ գնացինք ռեստորան:
-Ամերիկայում եւ Հայաստանում կանանց տոնը տարբե՞ր կերպ են նշում:
-Ամերիկացիները չեն էլ հիշում այս տոնի մասին, բայց հայաստանցիներով հիշում ու նշում են: Իսկ այստեղ առավոտից ստանում էի հաղորդագրություններ, զանգեր, տարբեր շնորհավորանքներ… Սովորաբար մարտի 8-ն ու ապրիլի 7-ը համերգների մեջ եմ անցկացրել: Ես կմտաբերեմ այն ապրիլի 7-ը, երբ ես արդեն մամա էի, ու բոլորը զանգում էին ինձ ու շնորհավորում մայրության տոնի առթիվ:
-Ձեր մայրիկին ու քույրիկին ի՞նչ նվերներ եք մատուցել:
-Առանձնապես դրա մասին մտածելու ժամանակ էլ չկար, որովհետեւ ես Ալեքսի հետ էի ու ավելի շատ իրենով էի զբաղված: Մենք սիրում ենք իրար անակնկալներ մատուցել, ապրիլի 7-ին մի լավ բան կմտածեմ:
-Կա՞ մի բան, որ ցանկանում եք նվեր ստանալ ապրիլի 7-ին:
-Ինձ թվում է` անակնկալի կամ հատուկ բանի սպասում ես սիրելի մարդուց: Բայց ես չունեմ սպասելիքներ ոչ մեկից:
-Ձեր շնորհավորանքը:
-Պետք է ասեմ, որ մեր մամաները, քույրերն ու ընկերուհիներն աշխարհում ամենալավն են, ամենահարազատը, ամենաջերմը, մեզ նվիրվածը… Թող որ նրանք լիարժեք կյանք ունենան, սիրված լինեն, երջանիկ պահերն ավելի շատ լինեն իրենց կյանքում: Լինեն բավարարված ընտանիքից, իրենց ամուսիններից, ընկերներից, երեխաներից: Բոլորին անհոգ կյանք եմ մաղթում:

ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Մարտի 8-ն ինձ համար միշտ աշխատանքային է եղել, ապրիլի 7-ը՝ նույնպես, այս տարի եւս բացառություն չի եղել:
-Մարտի 8-ին նվերներ ստացա՞ք:
-Ե՛վ ծաղիկներ, ե՛ւ նվերներ, բնականաբար, եղան: Առաջինը շնորհավորեց պապաս, երբ արթնացա, ծաղիկներն արդեն իմ սենյակում էին, եղբայրս եւս ծաղիկներ նվիրեց: Իմ աշխատավայրում էլ մեր ղեկավարը շատ գեղեցիկ նվեր մատուցեց: Դե իսկ մնացածն էլ թող գաղտնիք մնա:
-Դուք որեւէ մեկին նվեր տվեցի՞ք:
-Պետք է խոստովանեմ, որ չեմ հիշում: Ես չեմ սիրում միայն տոնից տոն նվեր տալ: Եթե որեւէ հարմար բան տեսնեմ, չեմ սպասի մարտի 8-ին, կգնեմ ու կնվիրեմ:
-Ի՞նչ եք ակնկալում ստանալ ապրիլի 7-ին:
-Սովորաբար, երբ ինչ-որ բանի սպասում ես, հաստատ չի լինում, դրա համար էլ ոչ մի բանի չեմ սպասում, եթե որեւէ մեկն ինձ հաճելի անակնկալ մատուցի, շատ ուրախ ու շոյված կլինեմ:
-Ձեր մաղթանքը:
-Բոլոր մամաներին, աղջիկներին, քույրիկներին, ընկերուհիներին ու ոչ այդքան ընկերուհիներին մաղթում եմ առողջություն: Թող միշտ երջանիկ լինեն ու միշտ ժպտան: Թող իրենց կողքի տղամարդիկ իրենց բոլոր օրերը տոն դարձնեն: Թող մեր կանայք լինեն սիրված, հոգատարությամբ շրջապատված ու միշտ ուշադրության կենտրոնում:

ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
-Նախորդ տարիներին մարտի 8-ը եղել է աշխատանքային, բայց այս անգամ փորձեցի իմ ընտանիքի անդամների` մայրիկիս, փոքրիկիս հետ հետաքրքիր երեկո ստեղծել: Երբեք չեմ սպասում՝ առիթ լինի, որ նվեր տամ, բայց դե այդ օրը ես նախապատվությունը տալիս եմ գարնանային ծաղիկներին, մնացածն էլ հարցնում եմ՝ ինչ են ուզում, որ իրենց սրտով լինի:
-Ինչպե՞ս եք նախատեսել անցկացնել ապրիլի 7-ը:
-Ճիշտն ասած, ապրիլի 3-ից բարեգործական համերգների մեջ եմ մինչ հիմա:
-Ձեր շնորհավորանքը:
-Հանձին իմ մայրիկի՝ շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Մաղթում եմ, որ երբեք չհուսահատվեն, չընկճվեն` անկախ իրավիճակից: Հետեւեն իրենց, որովհետեւ կինը ցանկացած տարիքում ունի իր հմայքը: Լինեն սիրված, սիրելի, առողջ: Մի խոսքով, սեր, երջանկություն, ամենայն բարիք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս