ՔԱՐԱԲԱՂՆԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարի լույս, ա՛յ ժողովուրդ (թերթը նկատի չունեմ, այլ հենց ժողովրդին, ում այսօր բոլորն են դիմում` Բաղրամյան 26-ից սկսած, Ազատության հրապարակով վերջացրած): Բարի լույս լինի, բարի օր թե բարի երեկո, միեւնույն է, հիմնականը բարին է, ու մեր նպատակն էլ բարի է: Երեւի անմիջապես նկատեցիք մեր նոր խորագիրը` «Քարաբաղնիս»-ը: Ու գուցե ոմանք անմիջապես դժգոհեցին` էս մեր խեղճուկրակ հալին միայն քարաբաղնիսն էր պակաս կամ էլ` սաունան ու ֆիննական բաղնիքը: Մենք` սովորական մարդիկ, իհարկե դժվար թե կարողանանք սաունա գնալ, որովհետեւ առանց այն էլ նիհար ենք, իսկ հաճույք վայելելու համար էլ փող չունենք:
Իսկ թե ինչ է քարաբաղնիսը, ինչ նպատակի է ծառայում, բոլորդ էլ լավ գիտեք. քրտնեցնելով բուժում է: Իհարկե, հաճախ էլ… Ավելի լավ է լսենք մեծ լոռեցուն. «Շորերով փաթաթած եռման ջրով լիքը պղինձն ու հիվանդին դրին իրար հետ, կարմրած քարերը լցրին ջրի մեջ. քարերը թշշացին, ամպի նման գոլորշին սկսեց բարձրանալ, շտապով վերմակները ծածկեցին եւ չորս կողմից վրեն պինդ նստոտեցին: … Քանի~ հոգի են ազատվել քարաբաղնիսով. Մատնանց Դանելը, Մաթոսանց Մինասը, Ծատուրանց Ստեփանը, Մաշկավորանց Միկոն: … Քանի~ հոգի են խեղդվել քարաբաղնիսից. Հանըսանց Հաբոնը, Մելիքանց Վանեսը, Հախվերդոնց Աղեն, Շիմալանց Շամիրը…»:
Ինչպես արդեն նշեցինք, մեր նպատակը բարի է, այսինքն` քարաբաղնիսով փորձելու ենք բուժել: Սակայն, ճիշտն ասած, բուժվել կարող են առաջին հերթին նրանք, ովքեր բուժվելու ցանկություն ունեն, ովքեր դեռեւս այն աստիճանի հաստակաշի չեն դարձել, որ չկարողանան կարմրել ու քրտնել:
Այսօր մեր երկրի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը այսպիսի մահամերձ վիճակում են նաեւ այն պատճառով, որ ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում իշխում են կոռուպցիան, ստվերը, որովհետեւ պաշտոնավարում են հիմնականում պատեհապաշտները, դիլետանտ միջակությունները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի նպատակն է ներկայացնել այդ, Պարոնյանի ասած, «ազգային ջոջերին»: Ի դեպ, ժամանակին հոռի երեւույթների դեմ ցանկացել է պայքարել նաեւ Երվանդ Օտյանը. «Մենք մեր գոհացումը պիտի փնտրենք ծաղրելով կամ ձաղկելով, մեր օրվան տրամադրությանը համեմատ, կեղծ փրկիչները, սուտին ճարտարապետները, գողացված համբավները, անշարժ պոռչտողները, հաշվող խանդավառները, անկեղծության աճպարարները, հայրենասիրության ձեռնածուները ու, կավելացնենք, «այլովքն հանդերձ», որպեսզի մեկուն խաթրը չմնա»:
Կենսաբանի ղեկավարած մշակույթի բնագավառը նույնպես մահամերձ վիճակում է, եւ հենց այդ բնագավառին ենք ամեն շաբաթ օր անդրադառնալու այս խորագրի ներքո: Այսինքն` ներկայացնելու ենք «աստղերի» ու «աստղիկների» «հանճարեղ» մտքերը, պալատական ծախու մշակութային գործիչների վարքն ու բարքը, ձեւական միջոցառումները, արդեն քանի տարի անցկացվող տարբեր, այսպես կոչված, մրցույթների ստվերային կողմերը…
Ո՞ր մեկը թվենք. անելիքն ու ասելիքն անչափ շատ են:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս