ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որում վերջինս խոսել էր նաև սահմանադրական փոփոխությունների մասին: Նրա խոսքով` ՀՀ երկրորդ նախագահի մոտ Սահմանադրական փոփոխությունների դրդապատճառների ընկալումն ամբողջական չէ:
Շարմազանովն ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը կայուն կառավարում ապահովելն է, այլ ոչ թե գերկենտրոնացած իշխանությունն ապակենտրոնացնելը:
«Ի տարբերություն նախորդ հարցազրույցի, որտեղ անընդունելի, սխալ գաղափարներ կային, այս հարցազրույցում բնականաբար այդ տոնայնությունը չկար: Ինչ վերաբերում է շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ նրա հնչեցրած տեսակետին, ապա պետք է ասեմ, որ նա ողջ տեղեկատվությանը չի տիրապետում, հակառակ դեպքում չէր ասի, որ եթե հայկական կողմի հայտարարությունները լինեն միայն խոսքի մակարդակով, սրումը կկրկնվի», – հայտարարեց նա: