Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում բացվել է քվիլլինգ արվեստի գործերի (paper art, թղթե արվեստ) ցուցահանդեսը։ Ներկայացված են Նաիրա Ավետիսյան-Պլանջյանի հեղինակած ավելի քան 30 աշխատանքները։ Սա բացառիկ ցուցահանդես է, նոր խոսք Հայաստանում։
Քվիլլինգը հարթ կամ փքուն ոլորած թղթից պատրաստված ստեղծագործություններ են: Երկար և բարակ թղթերի ոլորումով ստացված գունագեղ աշխատանքների արվեստը ծագել է միջերկրյածովային Եվրոպայում 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին: Ոսկու տպավորություն ստեղծելու համար մարդիկ կտրում էին գրքերի ոսկեզօծ եզրերը, ոլորում դրանք և ամրացնում թռչունների փետուրների ծայրերին (այստեղից էլ առաջացել է անվանումը` քվիլ-quill, անգլերեն նշանակում է «թռչնի փետուր»):
Ցուցահանդեսի հեղինակը` Նաիրա Ավետիսյան-Պլանջյանը, ստեղծել է ավելի քան 50 աշխատանք, որոնց մի մասը անձնական հավաքածուներում է: Աշխատանքների հիմքում ընկած են և′ համաշխահային ճանաչում ստացած նկարիչների գործեր, և′ անհատական մտքի ու շնորհքի վերարտադրություններ, կան գործեր, որոնք լրացնում են միմյանց ու կարծես մեկը մյուսի շարունակությունը լինեն:
Հեղինակի աշխատանքներն էքպրեսիոնիզմի վառ արտահայտություններ են:
Նաիրա Ավետիսյան-Պլանջյանը նշում է, որ ցուցահանդեսում ներկայացված են չորս տարիների իր աշխատանքի արդյունքները։ Գործերը տարբեր ոճերի և տարբեր թեմաներով են։ Հեղինակն այս հետաքրքիր արվեստին ծանոթացել է լոնդոնյան թանգարաններից մեկում։ «Տեսածս աշխատանքներն ինձ շատ հետաքրքրեցին, և ես սկսեցի ուսումնասիրել արվեստի այս ճյուղը»,- ասում է հեղինակը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր գործի կյանք տալու համար պահանջվում է 15 օրից մինչև մեկ ամիս ժամանակ։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։ Այն բաց կլինի մեկ շաբաթ, ցանկացողները կարող են այցելել և հաղորդակից լինել քվիլլինգի հետաքրքիր աշխարհի հետ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն