Նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության զոհ դարձավ 153 մարդ, որոնցից 112- ը մահացավ «Բատակլան» համերգային սրահում: «Իսլամական պետության» ահաբեկչություն իրականացրած 8 մասնակից ոչնչացվեց, իսկ հարձակվողներից 7-ն իրենք իրենց պայթեցրին:
Նույն օրը երկրում հաստատվեց արտակարգ դրություն, հայտարարվեց խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրեց արտակարգ խորհրդակցություն: Հայտարարվեց եռօրյա սուգ: Օլանդը ահաբեկչության ծավալներն աննախադեպ անվանեց: ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան կատարվածը համարեց հարձակում ողջ մարդկության վրա: Ֆրանսիայի տարբեր շրջաններում սուգը շարունակվում է. մարդիկ չեն դադարում հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Ստրասբուրգից ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքի Կլեբերի անվան հրապարակում՝ ի նշան հարգանքի, արդեն մի քանի օր է՝ մոմավառություն է, որին մասնակցում են թե՛ տեղացիներ, թե՛ օտարազգի քաղաքացիներ, այդ թվում՝ հայեր:
Հիշեցնենք, որ մոմավառություն է կազմակերպվել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև, որին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը: