Սյունիքում պարգևատրվեցին ուսանողներն ու ուսանողական կառույցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կողմից իրականացվել է «Ուսանողները՝ հզոր պետություն կերտողներ» ծրագիրը, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, դասախոսներ և ուսանողներ:

Մարզպետ Խաչատրյանը, շնորհավորելով ուսանողներին, նշեց. «Ձեր գիտելիքներն ու ավյունը հենքն են մեր զարգացող երկրի ու հզոր պետության, բարեկեցիկ կյանքի ու առողջ հասարակության: Դուք եք մեր հասարակության շարժիչ ուժը, և թե ինչ պետություն ենք ունենալու մենք վաղը, առավելապես կախված է հենց ձեզնից՝ այսօրվա ուսանողներից ու երիտասարդներից»:

Ուսանողներին շնորհավորեցին նաև Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի համակարգող Ն. Հարությունյանը:

Օրը լի էր բազմապիսի պարգևներով և մրցանակներով։ Սյունիքի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդները նախապես ներկայացրել էին 2014-15 ուսումնական տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից որպես լավագույն ուսխորհուրդներ պարգևատրվեցին Գորիսի պետական համալսարանի և Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողական կառույցները: Լավագույն ծրագիր իրականացնելու համար պարգևատրվեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի և Գորիսի պետական քոլեջի ուսանողական ինքնակառավարման մարմինները:

Մարզպետ Ս․ Խաչատրյանի կողմից մարզի լավագույն ուսանողներն արժանացան խրախուսական նվերների և դրամական պարգևների։ Իսկ ստեղծագործ մտքի, բարձր առաջադիմության և հասարակական ակտիվություն ցուցաբերելու համար մի շարք ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան խրախուսական նվերներ:




Լրահոս