Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
“ՀՀ ոստիկանությունը ապրիլի 8-ի եւ ապրիլի 9-ի իր հայտարարություններում հանգամանալից գնահատելով Ազատության հրապարակում վերջին օրերին կազմակերպված հանրային հավաքներում առկա միտումները եւ դրանց առնչությամբ իրականացված կամ ծրագրված մի շարք հակաիրավական գործողություններ, բազմիցս ընդգծել է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պարտավորություններով, “Հավաքների ազատության մասին” ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ,Ոստիկանության մասինե օրենքով սահմանված դրույթների պահպանման անհրաժեշտությունը եւ մատնանշել հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների այն պարտականությունների շրջանակները, որոնց պահպանումը թույլ կտար լիովին խուսափել ապրիլի 9-ին տեղի ունեցած անցանկալի զարգացումներից:
Ապրիլի 9-ի միջադեպերն ուղղակիորեն հաստատեցին ՀՀ ոստիկանության կանխատեսումների եւ նախազգուշացումների հիմնավորվածությունը` միաժամանակ բացահայտելով անպատասխանատու հակաիրավական վարքագծի դրսեւորումներով Ոստիկանության` իրավաբանական, հատկապես` վարչական պատասխանատվության ենթարկելու կարողությունն ու կամքը անհարկի փորձելու հետեւանքները:
ՀՀ ոստիկանությունը խոր ափսոսանքով արձանագրում է, որ Բաղրամյան պողոտայով ապօրինի երթի առանձին` անգամ հավաքի կազմակերպիչների համար անկառավարելի դարձած, հավաքի խաղաղ ընթացքը կոպտորեն խախտած քաղաքացիների վարքագիծը Ոստիկանությանը հարկադրեց ուժ կիրառել իրավախախտների նկատմամբ, ովքեր անհապաղ մեկուսացվեցին հավաքի վայրից եւ ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որից հետո հավաքը վերականգնեց իր խաղաղ բնույթը եւ մասնակիցներին ընձեռվեց հանգիստ կերպով իրազեկված հավաքի հիմնական վայր` Ազատության հրապարակ վերադառնալու հնարավորություն:
ՀՀ ոստիկանությունը գործադրեց բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների անպատասխանատու եւ հակաիրավական վարքագիծը չհանգեցնի առավել ծանր հետեւանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը:
ՀՀ ոստիկանության ծառայողները “Հավաքների ազատության մասին” եւ “Ոստիկանության մասին” ՀՀ օրենքներով սահմանված իրենց այս հիմնական պարտականությունները կատարեցին արդյունավետ` կանխելով իրավիճակի սրումը եւ հնարավոր այլ բացասական հետեւանքների առաջացումը:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն եւ կարճ ժամանակ անց ազատ արձակվել:
Ինչ վերաբերում է առանձին միջադեպերին տրվող կամ տրվելիք գնահատականներին, ապա ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպերի բոլոր հանգամանքները մասնրամասն քննվելու են եւ յուրաքանչյուր միջադեպին առնչվող փաստական եւ իրավական հանգամանքների մասին հանրությանը կներկայացվի առավել հանգամանալից տեղեկատվություն:
Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ բիրտ ուժ կիրառելու կամ անհամաչափ գործելու վերաբերյալ որոշ արձագանքներին:
ՀՀ ոստիկանությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ երթի երթուղու վերաբերյալ լիազոր մարմնի` Երեւանի քաղաքապետի որոշմամբ սահմանվել էր երկու սահմանափակում: Մասնավորապես, Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրականացվելիք մի շարք արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում` արտասահմանյան հյուրերի, ներառյալ` բարձրաստիճան դիվանագետների մասնակցությունն ապահովելու նպատակով Բաղրամյան պողոտայով եւ Պռոշյան փողոցով անցնող երթուղու փոխարեն առաջարկվել էր փոքր-ինչ փոփոխված երթուղի: Ընդ որում, ՀՀ ոստիկանությունը նախօրոք զգուշացրել էր, որ խստիվ պահպանելու է քաղաքապետի որոշմամբ ամրագրված սահմանափակումները:
Իրավական պետությունում պետք է խստորեն պահպանվեն գործող օրենքների եւ վարչական ակտերի դրույթները: Չվիճարկված եւ իրավաբանական պարտադրականություն ունեցող ակտերին չենթարկվելը կոպիտ իրավախախտում է եւ չի կարող ունենալ որեւէ արդարացում, ներառյալ` հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ իրականացման անպատեհ հղումը: Միեւնույն ժամանակ, ոստիկանության կողմից վարչական ակտի կատարումը չի կարող որակվել իբրեւ խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակում, քանի որ. նախ` վարչական ակտով սահմանափակվել է որոշ տարածքներում հավաքի անցկացումը, ինչը բացառում է այդ տարածքները հավաքի վայր դիտարկելը. Երկրորդ` հավաքների ազատության իրավունքը որեւէ կերպ չի պաշտպանում հավաքի անցկացման արգելված վայր բռնի կերպով մուտք գործելու` հավաքի մասնակիցների որեւէ իրավունք: Այս առումով, Ոստիկանությունը որեւէ կերպ չի միջամտել քաղաքապետի որոշման մեջ առաջարկված վայրերում անցկացվող երթի ընթացքին, այլ բացառապես ապահովել է Բաղրամյան պողոտայով Հանրապետության Նախագահի նստավայր ժամանող անձանց եւ երթեւեկության անվտանգությունը: Մյուս կողմից, անհնար է պատկերացնել, որ ուժային ճանապարհով ոստիկանության պատնեշը ճեղքելը կարող էր մնալ անարձագանք եւ Ոստիկանությունը հրաժարվեր արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու իր պարտականությունների կատարումից: Ինչ վերաբերում է քաղաքապետի որոշման հիմնավորվածությանը, հավաքի ազատության եւ հանրային շահերի միջեւ արդարացի հավասարակշռության ապահովմանը, ապա այդ հարցը ենթակա էր պարզման դատարանում, ոչ թե փողոցում:
ՀՀ Ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ հանրության առանձին ներկայացուցիչների տարածած հայտարարությունները, մեղմ ասած, ժամանակավրեպ են եւ զուրկ մասնագիտական հիմնավորումներից: ՀՀ ոստիկանությունը յուրաքանչյուր դեպքում կգնահատի այդ գործողությունների իրավաչափությունը եւ իր գնահատականները կներկայացնի հանրության դատին: Հարկ է նկատի ունենալ, որ համաչության սկզբունքի պահպանման հարցի պարզումը ոչ թե ոչ պրոֆեսիոնալ գործիչների, այլ մասնագետների խնդիրն է, ովքեր պետք է գնահատեն շահերի ողջամիտ հավասառակշռության հարցը: Այս բարդ հարցի քննարկումը պահանջում է գործի անհատական հանգամանքների ամբողջական եւ օբյեկտիվ ուսումնասիրություն, բազմաթիվ գործոնների գնահատում, այդ թվում` սահմանափակման բնույթը եւ ծավալը, հետապնդվող նպատակի կարեւորությունը, միջամտելու պատճառները եւ դրեւսորումները: Իրավական գնահատական պահանջող հարցերի վերաբերյալ զգացմունքային լուծումներն ու գնահատականները անթույլատրելի են եւ անհամարժեք: Հետեւաբար, ՀՀ ոստիկանությունը կողջունի այդ հարցին իրավական հարթության մեջ անդրադառնալու եւ քննարկելու ցանկացած քայլ”: