Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չեխիայի արտգործնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանում այսօր տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները թևակոխել են որակապես նոր փուլ։
“Վերջին տարիների ընթացքում մեզ հաջողվել է նաև զգալիորեն ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, ինչը հավելյալ խթան է հաղորդել դինամիկ զարգացող փոխգործակցությանը”,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։
 
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Չեխիայի արտգործնախարարը նշել է, որ հայ-չեխական հարաբերություններում գրանցված առաջընթացը բավական ակնառու է, ինչն արտահայտվում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության պարբերական բնույթով, միջխորհրդարանական ակտիվ շփումներով, և ընդգծել, որ եկել է ժամանակը ուշադրությունը սևեռելու տնտեսական բնագավառում համագործակցության խորացման և ընդլայնման վրա։
Այս առումով երկուստեք կարևորվել է Չեխիայի արտգործնախարարի պատվիրակության կազմում չեխ գործարարների ներկայությունը, և Երևանում հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը։
 
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Կարևորվել է տնտեսական ոլորտի իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, մշակութային փոխանակումների խթանումը:
 
Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Պրահայում սկիզբ առած Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած առաջընթացին, մասնավորապես ավարտական փուլ մտած Ասոցացման համաձայնագրի ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններին։
 
Էդվարդ Նալբանդյանը չեխ գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այս ենթատեքստում Չեխիայի առաջին փոխվարչապետը վերահաստատել է աջակցությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման նպատակով իրականացվող քայլերին։
 
Մինչ հանդիպումը Էդվարդ Նալբանդյանն ու Կարել Շվարցենբերգը բացել են հայ-չեխական գործարար համաժողովը։ Հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը:




Լրահոս