Սամսոն Ղազարյանը հաշտվել է կասկածյալի հետ. վերջինս ներողություն է խնդրել, քրեական գործի վարույթը կարճվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կարճվել է Սամսոն Ղազարյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը. վերջինս հայտնել է՝ կասկածյալի հետ հաշտվելու մասին:

2015թ. հոկտեմբերի 21-ին Սամսոն Ղազարյանից գրավոր հաղորդում էր ստացվել՝ իրեն ծեծի ենթարկելու մասին:

Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հոկտեմբերի 30-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով։

Քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ս.Ղազարյանը ճանաչվել է տուժող, պարզվել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, դեպքի մի շարք հանգամանքներ։

Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Ս.Ղազարյանի մոտ փորձաքննության կատարման պահին մաշկածածկույթներին և տեսանելի լորձաթաղանթներին մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Ս.Ղազարյանը հայտարարել է՝ կասկածյալի հետ հաշտվելու մասին։ Արձանագրելով, որ կասկածյալն ընդունել է մեղքը, զղջացել կատարածի համար՝ տուժողը նշել է, որ որևէ գույքային պահանջ, բողոք, գանգատ չունի նրա նկատմամբ։ Կասկածյալը ևս լրացուցիչ հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ներողություն է խնդրել Սամսոն Ղազարյանից, վերջինս ներել է իրեն և չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ տուժողի կողմից կասկածյալի հետ հաշտվելու հիմքով։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:
Հիմք ընդունելով քրեական գործի նյութերը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ՝ քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը՝ տուժողի կողմից կասկածյալի հետ հաշտվելու հիմքով։




Լրահոս