Դժվար ժամանակներ` նախարարների համար. ինչու վարչապետը նման հայտարարություն արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր շատ խիստ տոնով խոսեց կառավարության ներկայացուցիչների հետ և հորդորեց վերջիններիս չխուսափել լրագրողներից: Նկատենք, որ վերջերս վարչապետը հաճախ է նկատողություն անում նախարարներին և ավելի լավ աշխատելու կոչեր անում:

Գաղտնիք չէ, որ կառավարության նիստից անմիջապես հետո շատ նախարարներ և կառավարության այլ անդամներ հեռանում են այլ մուտքերով` այդ կերպ խուսափելով լրագրողներից և նրանց հարցերից: Հովիկ Աբրահամյանն այսօր վերջիններիս հորդորեց դուրս գալ կառավարության գլխավոր մուտքից, որտեղ լրագրողները նիստերից հետո սպասում են նրանց: Նա հայտարարեց, որ  պետք է բաց աշխատել, քանի որ կառավարությունը հասարակությունից թաքցնելու ոչինչ չունի և միշտ բաց է աշխատում:

Իհարկե, Հովիկ Աբրահամյանի հորդորը միանգամայն ողջունելի է, քանի որ կառավարության ներկայացուցիչները, հաճախ խուսափելով պատասխանատվությունից, փախչում են լրագրողներից և խուսափում իրենց ոլորտներում առկա բաղթողումների, խնդիրների և իրենց վատ աշխատանքի մասին խոսելուց: Վարչապետի հայտարարությունը կարելի է բացատրել նախարարների հանդեպ վստահության պակասով: Ոչ մեկ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես է Աբրահամյանը կառավարության նիստի ժամանակ նկատողություն անում նախարարներին, նրանց ճիշտ աշխատելու կոչեր անում: Վարչապետը հաճախ բացահայտ ցույց է տալիս, որ դժգոհ է այս կամ նախարարի աշխատանքից:

Սակայն պետք է ընդգծել, որ այսօր ոչ բոլորը հետևեցին վարչապետի հորդորին: Նախարարներից շատերը, իրենց սովորության համաձայն, կրկին դուրս եկան այլ մուտքից և խուսափեցին դեմառդեմ հանդիպել լրագրողներին: Իսկ դիմացի մուտքով դուրս եկած նախարարներից շատերն էլ խուսափում էին պատասխանել իրենց ուղղված հարցերին:

Հավելենք նաև, որ այս կերպ Հովիկ Աբրահամյանը նաև փորձում է վերահսկելի դարձնել նախարարների գործունեությունը և լրատվամիջոցների հետ առավել թափանցիկ գործելու միջոցով նրանց մշտապես աչքի առջև պահել: Կարող ենք ընդգծել, որ նախարարների համար դժվար ժամանակներ են սկսվել:




Լրահոս