Սերգո Կարապետյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը:

«Ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է դրական տեղաշարժ, ինչին նպաստել են ոչ միայն եղանակային բարենպաստ պայմանները, այլև պետական աջակցության և միջազգային կառույցների օժանդակությամբ իրականացվող ծրագրերը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Ընդգծելով, որ հատկապես վերջին տարիների ընթացքում արդյունավետ համագործակցություն է ձևավորվել Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և միջազգային կառույցների միջև` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ շրջանակում իրականացվող համատեղ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում նախարարը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը և գերակա ուղղությունները:
Անդրադառնալով ոլորտի առաջնային լուծում պահանջող խնդիրներին` նախարարը մասնավորապես մատնանշել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման և կենդանիների համարակալման ու հաշվառման իրականացման կարևորությունը, որը կնպաստի մսամթերքի հետագծելիության և բնակչությանը անվտանգ սննդամթերքով ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև հակակարկտային ցանցերի ներդրման, տոհմային գործի բարելավման և պտղատու ինտենսիվ նոր այգիների ստեղծման հարցերին: Ընդգծելով երկրում ջրային ռեսուրսների կառավարման և արդյունավետ օգտագործման կարևորությունը` նախարարը անհրաժեշտ է համարել ձկնաբուծության բնագավառում ջրի խնայողատար ռեժիմով նորագույն տեխնոլոգիաների, իսկ ոռոգման բնագավառում` կաթիլային համակարգերի ներդրումը:

Նշված ծրագրերի իրագործման համար ակնկալվում է ամերիկյան կողմի աջակցությունը:

Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմի ներկայացուցիչները բարձր են գնահատել Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունն ու համատեղ ծրագրերի արդյունավետությունը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ոլորտին վերաբերող այլ հարցեր:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս