ԱՅՍՕՐ ԿԵՐԵՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվ այսպես` այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի բառապաշարով ասած` հետընտրական փուլի ամենակարեւոր հանգրվանն է. նախագահի պաշտոնի ստանձնման` երդմնակալության օրը: Իհարկե` այն իրավիճակը, որն այսօր առկա է, նկատելիորեն տարբերվում է 2008թ-ից, երբ մարտի 1-ից ընդամենը օրեր անց Սերժ Սարգսյանը ստիպված եղավ երդվել փշալարապատ Օպերայի շենքում: Սակայն, այդուամենայնիվ, Ս. Սարգսյանի այսօրվա երդմնակալությունն էլ անխոչընդոտ չի անցնելու: Ր. Հովհաննիսյանի «այլընտրանքային» երդմնակալությունը Հայաստանի պատմության մեջ աննախադեպ  քայլ է` այդտեղից բխող քաղաքական եւ բարոյական հետեւանքներով: Իսկ որ այդ հետեւանքները, հատկապես վերջինը, կարող են բավականին թանկ նստել Սարգսյանի ապագա պաշտոնավարման ընթացքի եւ որակի վրա, կասկածից դուրս է: Բայց մինչ այդ իշխանությունը դեռ պետք է կարողանա այսօրվա օրն անցկացնել խաղաղ, առանց միջադեպերի ու բախումների: Թեեւ Ր. Հովհաննիսյանի հետընտրական պայքարի այս մեկուկես ամիսը հիմնականում ընթացել է  հանդուրժողականության մթնոլորտում, եւ հանրությունն ականատես է եղել անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող  երկխոսության` Ազատության հրապարակում հանրահավաք անող ընդդիմության առաջնորդի եւ ոստիկանության ղեկավարի միջեւ, որի հետ Հովհաննիսյանը բանակցում էր` «զորավար» դիմելաձեւով, այդուհանդերձ, դատելով Հովհաննիսյանի կողմնակիցների երեկվա հայտարարություններից, կարծես թե այսօր նրանք լինելու են վճռական, քան երբեւէ: Այս հանգամանքը, բնականաբար,  հաշվի է առել նաեւ ոստիկանությունը, որը երեկ տարածած հաղորդագրության մեջ նախազգուշացրել է. «Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած  հավաքներում գնալով ուժեղանում է հակաիրավական, այդ թվում` ՀՀ քրեական օրենսգրքով  նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ»: Ոստիկանությունը նաեւ զգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստվում է դադարեցնել հավաքը` համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի` արգելափակելով  «հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»: Իր հերթին, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ երեկ հայտարարել է, որ իրենք ամեն դեպքում այսօրվա երթն անցկացնելու են իրենց նախանշած երթուղով` անկախ քաղաքապետարանի  սահմանափակումից: Թե ինչով  կհանգուցալուծվի փոխադարձ զգուշացումներով մեկնարկելիք այսօրվա  հավաքը, դժվար է ասել, սակայն այն լրջագույն փորձություն է լինելու թե՛ ոստիկանության, թե՛ «Ժառանգության» առաջնորդի համար: Հենց  այսօր կերեւա, թե որքանով է իշխանությունն իրականում հանդուրժող, եւ որքանով է Րաֆֆի Հովհաննիսյանն օրինապաշտ: Ոչ թե խոսքով, այլ` գործով:
Հ.Գ. Ի դեպ, ոստիկանների  համար այսօր կրկնակի քննություն է լինելու, քանի որ ընդամենը մի քանի օրից` ապրիլի 16-ին,  ոստիկանության օրն է:




Լրահոս