Դժվար է և ցավալի, երբ գիտակցում եմ, որ դուստրս ամուսնանալուց հետո մեկնելու է ԱՄՆ. Սամվել Գրիգորյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանն այն կարծիքին է, որ հայերս կարող ենք լավ, բարձր որակի շոուներ անել, պարզապես ֆինանսական առումով դեռեւս պատրաստ չենք դրան:

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է երկրպագուների` երգչի իր կարիերային առնչվող հարցերին, անձնական կյանքին առնչվող խոսակցություններին: Սամվել Գրիգորյանը պատմել է նաեւ դստեր անձնական կյանքում սպասվելիք փոփոխություններից եւ խոստովանել` իր համար դժվար է գիտակցել, որ դուստրն առաջիկայում ապրելու է իրենից հեռու՝ օվկիանոսի մյուս կողմում:

12272718_951710451576688_12189021_n

-Սամվե՛լ, տեւական ժամանակ է` շոումենի գործունեությամբ եք զբաղվում, երգչի կարիերան կարծես մղել եք երկրորդ պլան…

-Դե, ինչքա՞ն պետք է ես երգեմ, դուստրս երգում է, էլի…Ես երբեք լուրջ երգիչ լինելու համար «հայտ» չեմ ներկայացրել, ընդամենը իմ փոքրիկ դիապազոնի, տեմբրի հաշվին երգել եմ երգեր, որոնք չեն խանգարի որեւէ մեկին, այսպես ասած` անշառ երգեր եմ երգել: Չի բացառվում, որ առաջիկայում էլի երգեր կձայնագրեմ, հնարավոր է` տեսահոլովակ էլ ունենամ: Որպես շոումեն էլ շարունակում եմ գործունեությունս, պատրաստվում եմ փետրվարի 27-ին Մոսկվայում կայանալիք «Արմենիա» մրցանակաբաշխությանը:

-Իսկ Հայաստանում շոուներ սիրո՞ւմ են, մենք շոու անել գիտե՞նք:

-Ինքը` Հայաստանը` որպես երկիր, ահագին առաջ գնալու տեղ ունի, շոուի ժանրի զարգացումը մեծապես կախված է ժողովրդի, երկրի վիճակից: Այն մեզ մոտ հիմա թերի զարգացած է, իհարկե, մերոնք սիրում ենք շոուներ, պարզապես մենք չունենք, օրինակ, լասվեգասյան շոուներ մատուցելու հնարավորություն: Ունենք լավ թիմ, մասնագիտական առումով պատրաստ ենք որակյալ շոուի, ֆինանսական առումով` ոչ. այս ոլորտում մեծ գումարներ ներդնելու հնարավորություն չունենք: Ես մասնակցում եմ նաեւ սփյուռքում տեղի ունեցող շոուների, եւ նկատելի է, որ, օրինակ, ԱՄՆ-ում, Ռուսաստանում այս գործունեությունն աստիճանաբար «թանկանում է», ներդնումները շատանում են: Իսկ, օրինակ, Իրանի հայ համայնքն այդ առումով մի փոքր ավելի համեստ է:

12243163_951709414910125_5011259004557530066_n

-Դուք այն հայտնիների թվում եք, ով չի խուսափել իր անձնական կյանքի վերաբերյալ շրջանառվող խոսակցություններից: Ձեզ հաճախ վերագրում են ռուս կանանց, հայ աստղերից ոմանց հետ սիրավեպեր: Նման ասեկոսեները ընտանեկան կոնֆլիկտների պատճառ չեն դառնո՞ւմ:

-Ոչ, ես ունեմ հրաշալի, շատ խելացի կին, եւ երբ նման խոսակցություններ են հասնում նրա ականջին, մենք ընտանիքով ծիծաղում ենք, անցնում-գնում է: Իսկ նման բաներից զայրանում են մարդիկ, որոնք մեղքի որոշակի չափաբաժին ունեն:

big_Mihran_samvel_grigoryan_ts1323259591

 

-Տարիներ շարունակ անցնելով շոու-բիզնեսի զարտուղի ճանապարհներով` քաջ տեղյակ եք ոլորտի դժվարություններին, երբեմն անառողջության հասնող մրցակցության պայմաններին: Ձեր դստերը` երգչուհի Նարե Գրիգորյանին, ի՞նչ խորհուրդներ եք տալիս, ինչպե՞ս եք նրան «կոփում»:

-Ես միշտ ասել եմ, որ առաջին հերթին պետք է սիրել մասնագիտությունը: Եթե իսկապես շատ անկեղծ լինես, կհասնես հաղթանակների ու բարձունքների: Սերն ու ազնվությունը կփրկի քո աշխատանքը: Ես, իհարկե, կողքից, որպես հայր, իմ ծնողական խորհուրդները տալիս եմ, բայց հիմա նրա կյանքում մի փոքր այլ փուլ է: Նարեն, կարծես, գտել է իր կյանքի կեսին, պատրաստվում ենք նշանադրության արարողությանը: Արդեն ամուսնանալուց հետո ինքը կորոշի` երգել, թե ոչ: Եթե Նարեն ցանկանա շարունակել իր կարիերան, ես սարի պես կանգնած եմ իր թիկունքին:

-Հայրիկի համար դժվար չէ՞ «թողնել» դստերը…

-Շատ ավելի դժվար է եւ ցավալի, երբ գիտակցում եմ, որ դուստրս ամուսնանալուց հետո մեկնելու է ԱՄՆ` այնտեղ մշտական բնակություն հաստատելու համար. մեր փեսան ԱՄՆ քաղաքացի է: Բայց եթե դուստրս իր երջանկությունը գտել է օվկիանոսի մյուս կողմում, ուրեմն ես պատրաստ եմ իր հետ երջանիկ լինել…

Աննա Բաբաջանյան




Լրահոս