Սերժ Սարգսյանի երդմնակալությունն ի սկզբանե կարելի է հարամված համարել. ԱԺ այսօրվա հատուկ նիստին խորհրդարանական 6 խմբակցություններից մասնակցելու են կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, իսկ այլընտրանք համարվող ԲՀԿ-ն կոնկրետ որոշում չի կայացրել` դա թողնելով պատգամավորներից յուրաքանչյուրի հայեցողությանը:
Սակայն հատկանշական է փաստը, որ Ս.Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցի անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. նա նախօրեին մեկնել է Հայաստանից: Հասկանալի է` ՀՀ-ից մեկնելով՝ նա երդմնակալությանը չմասնակցելու ալիբի է ստեղծում, մանավանդ որ նախագահական ընտրություններից հետո ո՛չ Ծառուկյանը, ո՛չ նրա կուսակցությունն առ այսօր չեն շնորհավորել Ս.Սարգսյանին: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ից երդմնակալությանը կմասնակցեն միայն այն պատգամավորները, որոնք ոչ մի կերպ չեն ցանկանում փչացնել հարաբերություններն իշխանությունների հետ: Խոսքը ԲՀԿ-ի գործարար հատվածի մասին է, որոնք հանուն իրենց բիզնեսի շարունակում են երկու լարի վրա խաղալ: Իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր թեւը, որը նաեւ համարվում է Ծառուկյանի նվիրյալ թիմը, ենթադրվում է, որ չի գնաՄարզահամերգային համալիր: Բացի այդ, Ս.Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցի ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները` Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը: Ընդ որում, եթե ՀԱԿ-ի ու «Ժառանգության» դիրքորոշումը պարզ էր ի սկզբանե, երեկ էլ համապատասխան հայտարարություն տարածեց ԱԺ ՀՅԴ խմբակցությունը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց` ինչպես է վերաբերում այն հանգամանքին, որ Ս.Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու են միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: «Ես կանխատեսումներ չեմ անում: Ես գտնում եմ, որ ԱԺ պատգամավորները պետք է ներկա լինեն ԱԺ հատուկ նիստին»,-ասաց նա` խոստանալով այդ մասին խոսել ԱԺ հատուկ նիստից հետո:
Պարզվում է՝ այս իշխանությունների մոտ փոքրոգությունը չունի սահմաններ: Երեկ հայտնի դարձավ, որ Ս.Սարգսյանի երդմնակալությանը հրավիրված չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շեշտենք` խոսքը ոչ թե պարզապես ընդդիմադիր կուսակցության առաջնորդի մասին է, այլ երկրի հիմնադիր նախագահի, որին, անկախ նրա քաղաքական հայացքներից, իշխանությունները պարտավոր էին հրավեր ուղարկել, թեկուզ` խորհրդանշական: ԱԺ-ից հրաժարվեցին մեկնաբանել այս փաստը: Սակայն դժվար չէ ենթադրել, որ իշխանությունները տվյալ դեպքում շարժվել են «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսով. մի կողմից Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ նախագահի ընտրություններում հաղթել է ոչ թե Ս.Սարգսյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուս կողմից էլ` ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էր օրեր առաջ ասել, որ Տեր-Պետրոսյանը, անկախ հրավերից, միեւնույն է, չի մասնակցելու երդմնակալության արարողությանը, քանի որ չի ընդունում Ս.Սարգսյանի լեգիտիմությունը: Ու փաստորեն, իշխանության ներսում գցել-բռնել են, որ այդ դեպքում էլ իրենք էլ չեն հրավիրի ու վերջ: Ուշագրավն այն է, որ երբ լրագրողներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ավելի վաղ հարցրել էին` արդյոք հրավեր ուղարկվել է ՀՀ առաջին նախագահին, նա պատասխանել էր. «Մենք որեւէ մեկին ի՞նչ ունենք չհրավիրելու»:
Երդմնակալությանը մասնակցելու հրավեր չի ուղարկվել նաեւ նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին` Րաֆֆի Հովհաննիսյանին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, թե Հովհաննիսյանին չեն հրավիրել, քանի որ «վերջինս գտնում է, որ ինքն է ընտրվել նախագահ»: Իսկ նա այդ հանգամանքը որակեց անլուրջ: Նշենք, որ փոխարենը Ս.Սարգսյանի երդմնակալությանը հրավիրված է Ռոբերտ Քոչարյանը, որը նաեւ մասնակցելու է միջոցառմանը:
ԱԺ կայքում երեկ հրապարակվել է Ս.Սարգսյանի երդմնակալության արարողությանը հրավիրված օտարերկրյա պաշտոնյաների ցանկը: Ուշագրավն այն է, որ բացի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից, ուրիշ ոչ մի երկրի նախագահ չի մասնակցելու Ս.Սարգսյանի երդմնակալությանը. լավագույն դեպքում ընդգրկված են նախարարներ կամ խորհրդարանների խոսնակներ: Նույնիսկ հարեւան Վրաստանն այս միջոցառմանն ուղարկելու է մշակույթի նախարարին, ԱԺ հայազգի պատգամավորներից մեկին ու նախագահի խորհրդական Վան Բայբուրթին: Մինչդեռ, մինչեւ վերջերս հայտարարվում էր, թե Ս.Սարգսյանի երդմնակալությանը ներկա է լինելու անձամբ Սահակաշվիլին: Բայց փաստորեն, նույնիսկ Իվանիշվիլին հարկ չի համարել գալ:
Այսպիսով, չնայած արտաքին բոլոր շքեղություններին, Սերժ Սարգսյանն իր պաշտոնը ստանձնելու է գնում բավական տխուր եւ մերժված վիճակում: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ առանձին է երդվելու: