ԵԽԽՎ հայկական պատվիրակության հիմնական գործունեությունն արտացոլում է մեր հիմնական պատասխանատուի անպատասխանատու դիրքորոշումը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով պատվիրակության գործունեությանը, այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Իհարկե, կարևոր է, որ պատվիրակությունն ավելի եռանդուն գործի, բայց արտաքին դիվանագիտությունը չի կարող առանձին գործել: Նրանք գնում են հետևանքը վերացնելու, բայց դիվանագիտությունն այստեղ չի աշխատում», – նշեց Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով` այդ հարցի քննարկման օրը պետք է Ֆրանսիայի հայ համայնքի միջոցով ճնշում գործադրվեր այն 24 պատվիրակի վրա, ովքեր կողմ էին քվեարկել այդ հակահայկական զեկույցին:
«Մենք կարող էինք նույնիսկ այդտեղ ծավալել աշխատանք և ճնշում գործադրել նրանց վրա: Ես կարծում եմ, որ այն աշխատանքը, որը պետք է ծավալվեր, չի ծավալվել, բայց այստեղ միայն պատվիրակության անդամը մեղավոր չէ», – եզրափակեց նա: