ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԱՀԱԶԱՆԳԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցի 47 շենքում: 27-ամյա Հայկ Նազարյանն ինքնասպանություն գործելու պահին միայնակ է եղել եւ կրակելուց առաջ զանգահարել շտապօգնություն:
«Ժողովուրդ»-ը եղավ Հալաբյան փողոցի 47 շենքում եւ բնակիչներից հարցուփորձ անելու արդյունքում պարզեց, որ Հայկ Նազարյանն ամուսնացած չէր եւ ծնողների միակ արու զավակն էր: Ուներ մեկ քույր՝ Գայանե Նազարյանը, որն ամուսնացած է եւ ունի երկու երեխա:
Հարեւանները մեզ պատմեցին, որ Հայկը շինարարությամբ էր զբաղվում, իսկ ծնողներն աշխատում են «Հայէլցանց»-ում: «Հայկի հոր ավտոտնակը հենց շենքի դիմացն է, ու հայրը դեպքի պահին ավտոտնակում է եղել»,-տեղեկացրին հարեւանները: Իսկ մայրը կրակոցի պահին խանութում գնումներ է կատարել, եւ երբ դուրս է եկել, բակի աղմուկից, առաջացած խուճապից է հասկացել, թե ինչ է կատարվել:
Նշենք, որ Հայկն ինքնասպան է եղել «ԻԺ» տեսակի որսորդական հրացանով, որն օրինական կերպով հաշվառված է իր անունով:
Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ինքնասպան լինելուց առաջ Հայկը զանգահարել է շտապօգնություն: Ըստ բնակիչների` Հայկը զանգահարել է շտապօգնություն եւ տեղեկացրել, որ Հալաբյան փողոցի 47 շենքում ինքնասպանություն է տեղի ունեցել: Բնակիչների կարծիքով՝ նա այդպես է վարվել, որ ծնողներն առաջինը չմտնեն տուն եւ տեսնեն նրան այդ վիճակում ու հետո չտանջվեն:
«Երբ շտապօգնությունը եկավ, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ ինքնասպանության մասին էին խոսում բժիշկները: Ոչ ոք տեղյակ չէր, որ ինքնասպանություն է կատարվել շենքում: Շատ տարօրինակ դեպք էր»,-պատմեցին հավաքված պապիկները: Նրանց խոսքով՝ ավտոտնակում գտնվող Հայկի հայրը՝ Վիտալի Նազարյանը, գլխի է ընկել ու ըստ էության բացահայտել, որ ինքնասպանություն գործողն իր տղան է, եւ անմիջապես վազել է տուն: Մյուս հարեւանները, համենայնդեպս, նրանց մեծ մասը, որոնց հետ զրուցեցինք, չէին լսել կրակոցի ձայնը, իսկ ոմանք էլ չէին պատկերացրել, որ «դմփոցը» ատրճանակի կրակոցի ձայն է:
Լավ, իսկ ի՞նչը կարող էր Հայկին դրդել ինքնասպանության. այս հարցի պատասխանը եւս փորձեցինք ստանալ հարեւաններից, քանի որ նրանք առավել տեղեկացված էին: Բնականաբար, շատերը խուսափեցին պատասխանել՝ նշելով, թե տեղյակ չեն: Միայն հարեւաններից մեկն ասաց, որ Հայկ Նազարյանն առողջական խնդիրներ ուներ, եւ նրա մոտ վերջին շրջանում տարօրինակություններ էին նկատվում: Իսկ թե ինչ տարօրինակությունների մասին  է խոսքը, վերջինս չմանրամասնեց:
Հայկենց տան դիմացի շենքում բնակվողներից մեկն էլ պատմեց, որ տարիներ առաջ Նազարյանների ընտանիքում եւս մի դժբախտ դեպք է տեղի ունեցել. «Հայկն իր պապիկի եւ ընկերոջ հետ Հալաբյան փողոցն անցնելիս վթարի է ենթարկվել: Պապիկը մահացել է, իսկ Հայկն ու ընկերը փրկվել են: Գուցե էդ դեպքից հետո է երիտասարդի մոտ ինչ-որ բան առաջացել: Ի՞նչ իմանամ: Գիտեք, եթե ընտանիքը սոցիալապես վատ վիճակում լիներ, միգուցե ասեինք, որ սոցիալական պայմանները ստիպեցին տղային գնալ այդ քայլին, բայց նրանց ընտանիքը սոցիալապես ապահովված էր, եւ ոչ մի բանի կարիք չունեին»:
Փորձեցինք կատարվածի մասին տեղեկություններ ստանալ նաեւ ինքնասպանություն գործած երիտասարդի հարազատներից, սակայն անորոշությունը նրանց ստիպեց հրաժարվել որեւէ մեկնաբանություն տալ. «Ի՞նչ ասենք, որ մենք էլ բան չենք հասկանում»:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս քայլի նպատակն ամենայն հավանականությամբ այն է, որ ոստիկանները պարզեն, թե հոգեպես ինչ վիճակում է եղել երիտասարդն իրեն կրակելուց առաջ:
Բայց ինչ իրավիճակում էլ եղած լիներ, ինքնասպանություն գործելն անգամ Աստվածաշունչն է համարում մեղք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս