ՕՐԱԳՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Էմիլ Թամրազյանի դատավարությունը: Մայոր Է. Թամրազյանը մեղադրվում էր  անձնական դրդումներով պաշտոնական կեղծիք կատարելու մեջ: Մասնավորապես, 2011թ. ընթացքում առանց համապատասխան փաստաթղթային ձեւակերպումների տարբեր ծառայողական հարցերով զորամասի զինծառայողներին հատկացված ընդհանուր առմամբ 122 հազար 153 դրամ արժողությամբ 297 լիտր բենզինի ծախսն օրինականացնելու նպատակով զորամասի հաշվեկշռում գտնվող «ԳԱԶ-66» մակնիշի տրանսպորտային միջոցի շահագործման համար 2011թ. օգոստոսի 8-ին լրացված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 317 ուղեգրում վազքաչափի ցուցիչների տվյալների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ գրառելով` այն կեղծել է, ուղեգրում նշագրել 248 կմ վազք եւ 72 լ բենզինի ծախս: Է. Թամրազյանն այդ ավտոմեքենայի վարորդին անօրինական կերպով կարգադրել է առաջ տալ մեքենայի վազքաչափի ցուցիչները եւ դրանք համապատասխանեցնել ուղեգրում կեղծված նշումներին: Թամրազյանը, բացի այդ, մնացած բենզինի ծախսն օրինականացնելու նպատակով զորամասի հաշվեկշռում գտնվող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենայի շահագործման համար 2011թ. դեկտեմբերի 19-ին լրացված թիվ 517 ուղեգրում կեղծում կատարելով, գրառել է 224 կմ վազք եւ 109 լիտր բենզինի ծախս: Հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Թամրազյանն այնուհետեւ կարգադրել է ավտոմեքենայի վարորդին առաջ տալ վազքաչափի ցուցիչները եւ դրանք համապատասխանեցնել ուղեգրում նշված կեղծումներին:
Ազատամարտիկ, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված Է. Թամրազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական կեղծիքը) հատկանիշներով: Մարտի 28-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանն Էմիլ Թամրազյանին դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի:
Է. Թամրազյանը 2012թ.-ից զինվորական թոշակի է անցել: Նա ցանկանում էր որպես համայնքի ղեկավարի թեկնածու մասնակցել 2012թ. սեպտեմբերի 23-ին Այգեհովտում կայացած ՏԻՄ ընտրություններին, սակայն զորացրման փաստաթղթերի ձգձգման պատճառով չկարողացավ որպես թեկնածու գրանցվել: Մեր տեղեկություններով`  Թամրազյանի նկատմամբ քրգործ է հարուցվել զորամասի զինվորներից մեկի օրագրի գրառումների հիման վրա: Զինվորը սովորություն  է ունեցել ծառայության ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը գրառել իր օրագրում: Այդ օրագրում նշված փաստերն էլ հիմք են հանդիսացել զորացրված մայորի նկատմամբ քրգործ հարուցելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս