ԳՐՔԵՐԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՍԻՐԱՀԱՐ ՆԱԽԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1992թ. հունվարի 28-ին նախագահական հատուկ հրամանագրով ստեղծվեցին հայոց բանակը եւ այն համակարգող ու ղեկավարող մարմինը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ): Անցած տարիների ընթացքում, հատկապես 1990-ականներին, ներքաղաքական խնդիրներում պաշտպանության նախարարների նշանակությունը մշտապես մեծ է եղել: Եվ պատահական չէ, որ մինչ օրս էլ պաշտպանության նախարարների հանդեպ հասարակության ուշադրությունը շարունակում է սեւեռուն մնալ: Արդ, հետաքրքրական է, թե ինչպես է անցկացնում իր աշխատանքային օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում ղեկավարած բնագավառում շարունակում են չլուծված մնալ բազում խնդիրներ:
Այսպես, ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Ս. Օհանյանի աշխատանքային օրը սկսվում է ժամը 08:00-ին կամ, մի շարք հանգամանքներից կախված, 2-3 ժամ ավելի շուտ: Նախարարի աշխատանքային օրվա առաջին գործողությունների շարքում են համապատասխան զեկուցումներ ընդունելն ու հատուկ հանձնարարականներ տալը: Ս. Օհանյանի աշխատանքային գործունեությունը, ՊՆ հաղորդման համաձայն, բավական հագեցած է եւ ներառում է վերահսկողական ու կառավարման բազմակի գործառույթներ. նախարարը մասնակցում է ժողովների, քննարկումների եւ խորհրդակցությունների: Նա անցկացնում է ստուգումներ, տարաբնույթ հանձնարարականներ տալիս ենթականերին: Պաշտպանության գերատեսչության ղեկավարի համար առանցքային կարեւորություն են ներկայացնում նաեւ մարտական հենակետեր եւ զորամասեր այցելությունները: Թեպետ Օհանյանը չի համարվում հաճախակի արտասահման մեկնող պաշտոնյա, բայց երբեմն նա էլ է ունենում գործուղումներ: Ցավոք սրտի, այս նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն առաջնորդվել է «զինվորական զսպվածությամբ» ու չի մանրամասնել աշխատանքի ընթացքում նախարարի առանցքային առաջնահերթությունները: Նկատենք, որ Օհանյանն աշխատանքային օրն ավարտում է երեկոյան 8-9-ին, հաճախ ավելի ուշ:
Ս. Օհանյանն իր աշխատանքային գրաֆիկում զերծ չի մնում չպլանավորված հանդիպումներ անցկացնելուց: Նախարարի հանդիպումներում գերակշռում են գործնական նշանակություն ունեցողները, թեպետ «նա մշտապես ընդունում է նաեւ քաղաքացիական անձանց»: Ամսվա ընթացքում նա ընդունում է 100-ից ավելի քաղաքացիական անձանց, որոնց գերակշիռ մասն ազատամարտիկներն են եւ նրանց ընտանիքի անդամները: Թեպետ ՊՆ-ն օգնություն է ցուցաբերում ազատամարտի մասնակիցներին ու նրանց ընտանիքներին,  որոնք գտնվում են խիստ անմխիթար վիճակում, սակայն դա այնքան քիչ է, որ գործնական եւ էական դերակատարություն մեծամասամբ չի ունենում: Ազատամարտիկներին հարկավոր վիրահատությունների համար տրվող 100 հազար դրամով մի՞թե հնարավոր է նորմալ բուժում ստանալ: Իհարկե ոչ, հետեւաբար նախարարը քիչ գործ չունի անելու այդ հարցում եւս, որպեսզի ազատամարտիկների ու նրանց ընտանիքների հետ հանդիպումները գործնական հաջողությամբ ավարտվեն` գոնե մի փոքր թեթեւացնելով ծանր սոցիալական պայմաններում գտնվող մարդկանց խնդիրները:
Նախարարությունից նաեւ տեղեկանում ենք, որ իրենց գերատեսչության ղեկավարը շփվում է արվեստագետների ու գիտնականների հետ: Ըստ էության, հետաքրքիր է, թե արդյոք մտավորականության ներկայացուցիչներին շնորհակալագրերով, ծաղիկներով ու նմանատիպ այլ ընծաներով պատվելը որեւէ օժանդակող նշանակություն ունի բանակի խնդիրների լուծման գործում: Կարելի է վստահաբար պնդել, որ ներկայում այս ոլորտում այնքան խնդիրներ կան՝ սկսած զորամասերում կենցաղային պայմանների բարելավումից մինչեւ մարդկային տարրական փոխհարաբերությունները կարգավորելը, որ արվեստագետների ու գիտնականների հետ հանդիպելու եւ հաճելի զրույցներ անցկացնելու համար ժամանակ պետք է որ քիչ մնար:
Ինչեւէ, պարզվում է, որ Ս. Օհանյանի սիրած զբաղմունքներից է գիրք կարդալը: Դրա հետ մեկտեղ նախարարը ինքը մի շարք գրքերի, ուղերձների եւ հոդվածների հեղինակ է: Թեպետ նա հանգստյան օրեր գրեթե չի ունենում, այդուամենայնիվ, ունենալու դեպքում նախընտրում է անցկացնել ընտանիքի հետ, հանգիստ միջավայրում: Հատկանշական է, որ ՊՆ-ն կարեւորում է Ս. Օհանյանի՝ գրական հայերենը բանակում արմատավորելու մեծ ներդրումը: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ նախարարի այդ քաղաքականությունն այնքան էլ մեծ հաջողություն չունի, եւ բանակում տիրող հարաբերությունները, այդ թվում եւ՝ խոսքի որակը, ոչ միայն հրամանատարական կազմի, այլեւ զինվորների մոտ առայժմ բարձր մակարդակի վրա չեն: Սա հատուկ ցավով ենք արձանագրում` տարակուսելով, որ այս հանգամանքը նախարարությունը կարեւորել է իր պատասխանում, փոխանակ առավել մեծ տեղ հատկացներ Ս. Օհանյանի աշխատանքային օրվա այլ մանրամասներին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս