ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
14-15 տարեկան ֆուտբոլիստներով համալրված 11 թիմեր մասնակցեցին Արմավիրում անցկացված Ֆուրման Աբրահամյանի ավանդական` թվով 8-րդ հուշամրցաշարին:
Եզրափակչում մրցեցին Արմավիրի մարզի «Փյունիկ-Մրգաշատ» եւ «Մերձավան-98» թիմերը: 3:2 հաշվով հաղթեցին մերձավանցիները, լավագույն եռյակը եզրափակեց Երեւանի «Միկա»-ն: Մարզիչ Արմեն Գեւորգյանի ղեկավարած «Մերձավան-98»-ի խաղացողներից Նելսոն Հարությունյանն արժանացավ լավագույն ռմբարկուի, իսկ Սարգիս Ոսկանյանը` լավագույն դարպասապահի համար սահմանված մրցանակին:

ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՇԻՐԱԿ»-Ն Է
Մինչ պատանիները հուշամրցաշարի հաղթողին են որոշում, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 36-րդ տուրի հանդիպումները: Կենտրոնական խաղում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Միկա»-ն ընդունեց առաջատար Գյումրու «Շիրակ»-ին: Հանդիպումը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով: Օրվա մյուս խաղում «Արարատ»-ը սեփական խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Կապանի «Գանձասար»-ի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ»-ը շրջանցեց «Բանանց»-ին՝ 28 միավորով բարձրանալով 7-րդ տեղը: Հիշեցնենք, որ նախորդ օրը «Բանանց»-ը 0:1 հաշվով զիջել էր «Իմպուլս»-ին: Նույն օրը կայացած «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: «Շիրակ»-ը 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով «Միկա»-ին:

ՀԵՆՐԻԽԻ ՇՆՈՐՀԻՎ  
Իսկ ահա Հայաստանի ազգային հավաքականի` Չեխիայի ընտրանուն 0:3 հաշվով զիջելուց հետո  ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում դարձյալ հավաքականի առաջատար խաղացողներն են: Մասնավորապես, կիրակի օրը շատ լավ հանդես եկավ «Շախտյոր»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում գոլերի (առաջին գոլը մրցակցի դարպասում հայտնվեց անդրադարձից հետո, սակայն այն գրանցվեց Հենրիխի հաշվին) շնորհիվ հանքագործները կամային հաղթանակ տարան` արտագնա խաղում 2:1 հաշվով գերազանցելով իրենց, այսպես ասած, ոխերիմ մրցակից Կիեւի «Դինամո»-ին: «2+2» հեռուստաընկերության եթերում մեր հայրենակիցը նշել է. «Մեզ համար ամենակարեւորը հաղթանակն էր: Չնայած նրան, որ շատ արագ գոլ բաց թողեցինք, դրանից հետո սկսեցինք ավելի լավ խաղալ: Մենք մի քանի գոլային պահեր ունեինք, բայց չկարողացանք գոլ խփել»: Այն հարցին, թե որքան դժվար էր տրամադրվել նման հանդիպմանը, քանի որ «Շախտյոր»-ը 16 միավորով գերազանցում էր մրցակցին, Հ. Մխիթարյանը պատասխանել է. «Տրամադրվելը դժվար չէր: Շատ լավ գիտեինք, որ եթե տրամադրվենք այնպես, որ «Դինամո»-ից առաջ ենք 16 միավորով, ապա կարող էինք շատ վատ խաղալ: Այդ ժամանակ մենք թուլացած կլինեինք, իսկ Միստերը մեզ շատ լավ էր պատրաստել: Գիտակցում էինք այս խաղի ամբողջ լրջությունը, այդ պատճառով արեցինք ամեն ինչ, որ հաղթենք»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս