Երիտասարդ քանդակագործ ՍԱՐԳԻՍ ԲԱԲԱՅԱՆԸ ծնվել է 1986թ., ավարտել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, հիմա սովորում է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրատուրայում: Չնայած երիտասարդ տարիքին` մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ու մրցույթների: 2010թ. արժանացել է նախագահի մրցանակին` «Շարք Աստվածաշնչից» քանդակների շարքի համար: -Նախագահի կողմից մրցանակ եք ստացել որպես երիտասարդ քանդակագործ, այն որեւէ կերպ դրական անդրադարձ ունեցե՞լ է Ձեր հետագա գործունեության վրա: -Այնքանով, որ ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն եմ զգացել, եղել է նաեւ ֆինանսական աջակցություն, որը ե՛ւ գովելի է, ե՛ւ շատ ցանկալի, մանավանդ ստեղծագործող երիտասարդի համար, որը փորձում է մուտք գործել արվեստի աննկարագրելի, միեւնույն ժամանակ էգոիստ աշխարհ: Ինչո՞ւ եմ շեշտում էգոիստ բառը, որովհետեւ չես կարող քանդակ անել ու միեւնույն ժամանակ մտածել այլ եղանակով փող վաստակելու մասին: Այսինքն` պիտի հարատեւ անձնուրաց տրվել ստեղծագործական պրոցեսին: -Ինչի՞ կարիք ունի այսօր երիտասարդ ստեղծագործողը: -Մեր առաջնահերթ խնդիրն արվեստանոցներ չունենալն է: -Բուհը չի՞ տրամադրում: -Բուհը չի կարող այդքան արվեստանոց տրամադրել, հիմա էլ դասերից հետո մինչեւ 4-ը աշխատում ենք ու վերջ, այդ ընթացքում ինչ հասցրեցիր կանես: Դրանից հետո եթե տանը հնարավորություն ունես, կշարունակես, չունես… -Չե՞ք դիմել թաղապետարան, քաղաքապետարան` Ձեզ արվեստանոց տրամադրելու խնդրանքով: -Քաղաքապետարան դիմել ենք հենց այս տարեսկզբին եւ ոչ հստակ պատասխան ստացել: Մեզ կարծես չեն մերժել, բայց եւ ոչնչով էլ չեն օգնել: Հավանաբար կրկին կշարունակենք այս գործընթացը, գուցե այս անգամ օգնեն: Մենք հանդես էինք եկել խնդրանքով, որ մեզ հատկացնեն ցանկացած տարածք, որն իրենք կհամարեն պիտանի արվեստանոց ծառայելու համար: Մենք պատրաստ ենք այն վերանորոգել, վերականգնել: Ամբողջ ցավն այն է, որ շուտով ավարտում ենք, եւ արդեն խնդրի առաջ ենք կանգնած` որտեղ աշխատել, շարունակել գործունեությունը, բնականաբար, տանը քար տաշել չես կարող: Ակամայից ցանկություն է առաջանում երկրից դուրս գնալու: -Ի՞նչն է պատճառը, որ չեք ցանկանում Ձեր երկրում մնալ: -Ցանկանալը ցանկանում ենք, բայց ստեղծագործելու հարմար նպաստավոր պայմաններ չկան: Ինքս էլ այն կարծիքին եմ, որ քո երկրից լավ տեղ չկա, բայց հստակ գիտակցում եմ, որ դրսում հնարավորություններն ավելի շատ են, ստեղծագործողն ավելի գնահատված է: Այստեղ` Հայաստանում, մտածում ես միայն, թե ինչպես հացի խնդիր լուծես: Արվեստագետի առաքելությունը գեղեցիկի խնդիրները լուծելն է: -Ո՞ր նյութով եք սիրում աշխատել: -Տարբեր, բայց վերջին շրջանում սկսել եմ քարից աշխատանքներ անել: Բրոնզը, քարը, փայտը ամեն մեկն էլ յուրահատուկ մոտեցում, իր ուրույն խոսքն ունի: -Հայ քանդակագործներից ովքե՞ր են Ձեզ համար օրինակ ծառայում: -Շատերը կան, սկսեմ ամենամեծերից` Հակոբ Գյուրջյան, Երվանդ Քոչար, Ղուկաս Չուբարյան, ներկայիս քանդակագործներից` Գետիկ Բաղդասարյան, Գարեգին Դավթյան, Գագիկ Ղազարյան, Տարիել Հակոբյան, լուսահոգի Լեւոն Վարդանյան, բոլորն էլ շատ լավ մարդիկ են, մեծ արվեստագետներ, լավ մանկավարժներ: Վերջիններն ինձ նաեւ դասավանդում են, երախտապարտ եմ, նրանք մեծ ավանդ ունեն մեր կայացման ճանապարհին: Այնպես է, կարծես իրենք լինեն մեր վարդապետները, մենք էլ` իրենց սարկավագները: -Պատահե՞լ է, որ աշխատանքներդ վաճառեք: -Այո՛, բրոնզից մի քանի գործ վաճառվել է, գիտեմ, որ գնորդները արտասահմանից են եղել: -Թեեւ նշեցիք երկրից հեռանալու ցանկության մասին, սակայն, այդուամենայնիվ, Հայաստանում տեսնո՞ւմ եք Ձեր ապագան: -Շատ բարդ է, ամեն դեպքում, անընդհատ պայքար է, եթե արվեստագետ ես, կշարունակես աշխատել` անկախ պայմաններից: Առաջ Աստված, հուսանք` ամեն ինչ լավ կլինի, մենք էլ ինչքան կկարողանանք, ինչքանով որ պատրաստ ենք, կստեղծագործենք: Ուղղակի ցավ եմ ապրում իրական արվեստի հանդեպ այս անտարբեր վերաբերմունքի համար, այսպես որ գնա` երիտասարդություն չի մնա մեր երկրում: Արվեստը պետք է ծառայի մարդուն կրթելու, դաստիարակելու առաքելությանը: Մինչդեռ այսօր երիտասարդ արվեստագետների համար պետությունը ոչ մի խթանիչ քայլեր չի ձեռնարկում: -Ի՞նչ եք առաջարկում: -Լավ կլինի` երիտասարդների համար սիմպոզիումներ կազմակերպվեն, որոնք խթան կհանդիսանան, կլինի առողջ մրցակցություն, եւ, հետեւաբար, կլինեն այգին արժեւորող քանդակներ, պարտադիր չէ` միայն Երեւանում տեղադրվեն: Այդպես էլ հասարակությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար կշփվի, կծանոթանա գեղեցիկին, բարուն: Շատ բան չի էլ պահանջվում` քար, տարածք, գործիքներ, հնարավոր է նաեւ` բրոնզի սիմպոզիումներ: Թող մասնակիցներն էլ ընտրվեն ժյուրիով, հանձնաժողովներ կազմվեն, ու մրցույթի կարգով միայն լավագույնները մասնակցեն սիմպոզիումների: