ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ` ՆՈՐ «ՎԵՐՆԱՏՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Թումանյանի` Թբիլիսիում գտնվող տան խնդիրն անցյալ տարի լուծվեց. Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տրամադրեց բնակարանի ձեռքբերման գումարը` 145 հազար ԱՄՆ դոլար, եւ Թումանյանի տունը, ավելի ճիշտ` դրա մի հատվածը, արդեն ՀԳՄ սեփականությունն է: Տեղեկացանք, որ բնակարանի ճակատագիրն օրերս քննարկվել է Վրաստանի մայրաքաղաքում` ՀՀ մշակույթի նախարարի ղեկավարած պատվիրակության պաշտոնական այցի ընթացքում:
Պատվիրակության կազմում եղել է նաեւ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, ում հետ զրույցում «Ժողովուրդ»-ը պարզեց որոշ մանրամասներ:
-Այցի շրջանակում եղանք տանը, հանդիպեցինք Թումանյանի ծոռնուհուն` Ալյոնա Կոլեսնիկովային (նա Մուշեղի թոռն է), որը բնակարանի երկրորդ հատվածում է բնակվում: Տան շուրջ քննարկմանը մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարը, Վրաստանում ՀՀ դեսպանը, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու  թեմի առաջնորդը եւ ես: Եկանք այն եզրահանգմանը, որ Ալյոնան տրամադրելու է այդ բնակարանի իր հատվածը, որի դիմաց նրա համար Թբիլիսիում առանձին բնակարան են գնելու: Տարածքը կմեծանա, եւ այնտեղ պիտի լինի «Վերնատուն» (չնայած Թումանյանի «Վերնատուն»-ը մի փողոց ներքեւ էր), որի գործառույթը պիտի իրականացնեն վիրահայ գրողները, թատրոնի գործիչները, նկարիչները… Այն մտավորականության հավաքի կենտրոն պիտի դառնա:
-Ի՞նչ վիճակում է բնակարանը:
-Թբիլիսիի քաղաքապետարանի օժանդակությամբ տանիքն արդեն նորոգվել է, մեր գնած մասն էլ պարզապես պետք է ըստ գործառույթի վերանորոգվի: Իսկ ահա բնակարանի` Ալյոնայի մասը վատ վիճակում է. նա շատ կատուներ է պահում: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասաց, որ բանակցում է հայ գործարարների հետ, որոնք պատրաստ են Ալյոնայի համար բնակարան գնել: Ես առաջարկում եմ, որ տունը տանք Թբիլիսիի հայ թեմին. այնտեղ վերականգնել են «Հայարտուն»-ը ու մշակութային հաջող գործունեություն են ծավալում: Իսկ գրող Գեւորգ Սնխչյանն էլ 10 տարուց ավելի է` վերականգնել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միավորումը…  Բայց շատերը կարծում են, որ տնօրինությունը պետք է լինի Հայաստանից: Ես անձամբ դեմ եմ, որ բնակարանը, թեկուզ ձեւական, մնա ՀԳՄ-ին. առանց այդ էլ այնքան հոգսեր ունենք: Կցանկանանք, որ դա դառնա հայ-վրացական մշակութային բարեկամության կենտրոն, եւ այդ դեպքում վրացական կողմը կհոգա մյուս ծախսերը: Բայց այդ դեպքում էլ պարզ չէ, թե քաղաքական իրավիճակն ինչպես կփոխվի, եւ օտարերկրյա տարածքում մեր սեփականությունն ինչ օրինական դաշտում կհայտնվի: Բարեբախտաբար, Վրաստանի մշակույթի նախարար Գուրամ Օդիշարիան շատ հայամետ է ու շահագրգիռ, որ այնտեղ ունենանք Թումանյանի ոգին, ավանդույթը պահող օջախ:  Կարծում եմ` մինչեւ մայիսի կեսերը բոլոր հարցերը կլուծվեն, մինչեւ սեպտեմբեր վերանորոգման աշխատանքները կարվեն, եւ կբացենք թումանյանական նոր «Վերնատուն»-ը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս