ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների սպանության գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն: Այսպիսով՝ դատախազությունը պետք է հաստատի այն և ուղարկի դատարան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր: Տուժողների իրավահաջորդները հայտնել են, որ կբողոքարկեն վարույթն իրականացնող մարմնի որոշումը:
Միջնորդությունը, ինչպես հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, վերաբերում է Պերմյակովի՝ կրոնական կառույցի անդամ լինելու հանգամանքին: Ըստ իրավահաջորդների ներկայացուցիչների՝ պետք է քննարկվի հարցը՝ հնարավո՞ր է արդյոք, որ ռուս զինծառայողը ոճրագործությունն աղանդի ազդեցության տակ արած լիներ:
Հիշեցնենք, որ գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում. նստավայրը դեռևս հայտնի չէ: