ՀԱՐՑ. Երկար տարիներ բնակվել եմ Հունաստանում եւ բոլորովին վերջերս վերադարձել հայրենիք: Մտադիր եմ հետագայում մշտական բնակություն հաստատել հենց այստեղ՝ Հայաստանում, բայց ինձ մի հարց է հետաքրքրում. կարո՞ղ եմ ներմուծել իմ սեփական մեքենան, որը ձեռք եմ բերել Հունաստանում, եւ եթե այո, ապա ինչպե՞ս:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նարեկ Բաղդասարյանի հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ կարող է արվել ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ` ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Հայաստանում մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում ՀՀ տարածքից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այլ պետություն մշտական բնակության մեկնած՝ ՀՀ-ում մշտական բնակության վայրի հաշվառումից դուրս եկած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ-ում նախկինում մշտական բնակության վայր չունեցած ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք, ՀՀ ժամանելուց հետո «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ-ում հաշվառվում են որպես մշտական բնակիչ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ մնում է մեր ընթերցողին խորհուրդ տալ ամեն դեպքում ճշտել վճարելիք տուրքերի չափը, որոնք հաստատ փոքր գումար չեն կազմի: