ՀՀԿ-ն շոուներ չի սիրում, փաստերն է կարևորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հորդորել էր այս անգամ էլ ստուգումներ իրականացնել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում: «Տարիներ շարունակ շարունակում են օդում կախված մնալ լուրերը Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների կողմից չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից գողացված միլիարդները, այսպես ասած, Հռոմի պապի հետ հարաբերությունները լավացնելու անվան տակ քողարկելու մասին»,-հայտարարել էր Փաշինյանը` հորդորելով ճշտել այդ տեղեկությունները:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարել էր, թե. «…Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ հանձնարարել համապատասխան մարմիններին մինչեւ վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը եւ բաց ներկայացնել բոլորին»:

Ն. Փաշինյանը նշել էր նաեւ, թե «ըստ օդում կախված լուրերի»՝ Հայաստանում ցանկացած հեռուստատեսային գովազդի փողի կեսը Սերժ Սարգսյանի փեսայի գրպանն է մտնում. «Օդում կախված են մնում լուրերը, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, որը հանրութան շրջանում հայտնի է Սաշիկ սարսափազդու անունով, 50 տոկոս փայ է մտնում բոլոր այն ռեստորաններում, արտադրամասերում եւ բիզնեսներում, որոնք իրեն դուր են գալիս»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի հետ՝ պարզելու համար արդյոք ՀՀ վարչապետը կհանձնարարի ստուգումներ իրականացնել Ս. Սարգսյանի մերձավոր շրջապատում:

-Պարո՛ն Սահակյան, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հորդորել է ստուգել Սերժ Սարգսյանի մերձավորներին պատկանող բիզնեսները՝ պարզելու համար՝ արդյո՞ք իրական են այն տեղեկությունները, որ դրանք օրիանական չեն, ու հանրությունից թաքցվում են այն պետական մուծումները, որոնք պետք է կատարվեն:

-Հասկանում ենք, որ սենսացիոն հայտարարությունները քաղաքական առումով օգտակար են, բայց գործնական առումով այդքան էլ չէ, չեմ կարծում, որ դա նրա դաշտն է, որ պետք է որոշում կայացնի, թե ով որտեղ ինչ է անում, ու հանձնարարություններ կամ հորդորներ հնչեցնի: Մենք տեսանք, որ այդ հայտարարությունում շոուի էլեմենտներ կան, ու զարմանալի չէ ոչ ոքի համար, որ նման հայտարարություններ են արվում ուղղակի շոու անելու համար: Կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ էր, թե ինչու հնչեց այդ հայտարարությունը, բոլորն էլ արդեն շատ լավ տեղյակ են, թե դա ինչի համար է արվում: Եթե կան նման տեղեկություններ, նման փաստեր, ապա կարող են դրանք տրամադրել համապատասխան մարմիններին, որոնք կուսումնասիրեն, կպարզեն այդ լուրերի իսկությունը: Եթե դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են, ապա մենք դա ընդունում ենք որպես այդպիսին:

-Ն. Փաշինյանն արդեն ասել է, որ իր հայտարարությունը պետք է ընդունել լուրջ ու այդ ուսումնասիրությունն իրականացնել: Ինչի՞ց են վախենում ՀՀ իշխանությունները, ինչո՞ւ չեն հետեւում պատգամավորի հորդորին:

-Յուրաքանչուրն էլ կարող է նման հայտարարությամբ հանդես գալ, որեւէ մեկը նրանց չի արգելելու, բայց դրանք պետք է իրականության հետ կապ ունենան, չպետք է անել մի բան, որն ուղղակի շոու է, պետք է խոսել փաստերով, պետք է ասել, թե որտեղից են այդ տեղեկությունները, թե չէ ցանկացածս էլ կարող ենք հանդես գալ նման հայտարարությամբ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ միայն շոուներ անելով հարց չի լուծվում, պետք է խոսել առարկայական, ներկայացնել այն, ինչն իրականության հետ կապ ունի:

-Բայց պատգամավորն, ի դեպ, Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարության հանգույն հորդորում է «օդում կախված» այդ բոլոր տեղեկությունները ճշտել ու պարզել իրականությունը, ինչո՞ւ չի արվում:

-Ես արդեն նշեցի, որ եթե կան նման բաներ, ապա պետք է ներկայացնել, թե դրանք որտեղից են հայտնի դարձել, բոլորն էլ իրենց հերթին կարող են հայտարարություն անել, բոլորն էլ կարող են մեկը մյուսին մեղադրել: Ես այդ ամենի կողմնակիցը չեմ, ես սիրում եմ, երբ դիմացինը խոսում է փաստերով, երբ ներկայացվում է ճշմարտությունը, ու ոչ թե դա արվում է միայն նրա համար, որ լինի սկանդալային, բայց դրա տակ որեւէ այլ բան չլինի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս