Պետական պարտքի ավելացումը մեր «մահամերձ» տնտեսությանը ոչնչով չի կարող օգնել. տնտեսությունը «շնչահեղձ» է լինում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն ավելացնում է Հայաստանի պետական պարտքը, ինչի արդյունքում տարեցտարի ավելանում են նաեւ դրանց սպասարկման վրա ծախսվող միջոցները:
Այսպես՝ ընթացիկ` 2015 թվականին Հայաստանի պետբյուջեից պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է 76 միլիարդ 322 միլիոն դրամ կամ ավելի քան 158 միլիոն դոլար: Եկող` 2016 թվականի պետական բյուջեի նախագծով պետական պարտքի սպասարկման համար նախատեսվում է ծախսել մոտ 100 միլիարդ դրամ:

Սակայն այս ցուցանիշը նախնական է, քանի որ ամեն ամիս պետական պարտքի թիվը շարունակում է աճել, ուստի առավել հավանական է, որ եկող տարի պետական պարտքի սպասարկման համար ծրագրվածից ավելի շատ գումար կծախսվի: 2015-ի դեպքում հենց այդպես էլ տեղի ունեցավ. ի սկզբանե պետական պարտքի սպասարկման համար նախատեսվել էր 73 միլիարդ դրամ, սակայն հետագայում այդ թիվն աճել էր: Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ պետական պարտքի համար նախատեսված միջոցներից ավելի քան 70 միլիարդն արդեն իսկ ծախսվել է:

Ինչպես հայտնի է՝ մինչեւ այս տարվա վերջ Հայաստանի պետական պարտքի ցուցանիշը կգերազանցի 5 միլիարդ դոլարը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ կազմել է 4 միլիարդ 827 միլիոն դոլար: Սակայն այս գումարի մեջ ներառված չեն հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի սկզբին ՀՀ կառավարության կողմից հաստատված վարկային ծրագրերով ներգրավելիք պարտքերը, որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 600 մլն դոլար:

Ակնհայտ է, որ եթե եկող տարի պետական բյուջեի եկամուտների մոտ տասը տոկոսն է նախատեսվում ծախսել պետական պարտքի սպասարկման վրա, ապա երկու-երեք տարի հետո այդ գումարները կարող են կրկնապատկվել: Իսկ արդեն 2020-ի կողմերը Հայաստանի պետբյուջեն պարտադրված կարող է լինել շուրջ մեկ միլիարդ դոլար հատկացնել պետական պարտքի մայր գումարների մարումների եւ տոկոսավճարների համար:

Սակայն վերը բերվածն այդքան սարսափելի չէր լինի, եթե չնչին հույս լիներ, որ պետական պարտքի ծավալներն ավելացնելը կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Երեկ, այսօր կամ վաղը ներգրավող պետական պարտքերով իշխանություններն ընդամենը հետաձգում են Հայաստանի տնտեսության վերջնական փլուզումը: Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը հնարավոր է միայն բոլոր տեսակի մենաշնորհների վերցման դեպքում: Այսինքն՝ ներկա եւ ապագա գործարարները պետք է համոզված լինեն, որ իրենք Հայաստանում կարող են ցանկացած գործը հիմնել եւ դրանով զբաղվել, ու հանուն մեկ այլ գործարարի իրենց գործունեությունը չի կարող արգելվել կամ խոչընդոտվել: Քանի դեռ գործարարների շրջանում նման համոզվածություն չկա, ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ներդրողները կխուսափեն Հայաստանում բիզնես հիմնել:

Ի դեպ, ՀՀ իշխանությունների ղեկավար կազմի բոլոր տեսակի հավաստիացումները, թե իբր Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար բաց եւ ազատ է, չի կարող հավատ ներշնչել մի պարզ պատճառով. տնտեսության ազատության մասին խոսում են հենց նույն այն մարդիկ, որոնք այն մենաշնորհել են: Նույն է թե՝ գրպանահատը մարդկանց հրավիրի ավտոբուսով միասին «ապահով» երթեւեկելու, եւ մարդիկ՝ իմանալով, որ նա հանցագործ է, հետեւեն նրա կոչին ու գնան, նստեն այդ տրանսպորտը:

Մի խոսքով, վաղուց արդեն ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունը շնչահեղձ է լինում, եւ ստեղծված իրավիճակի պատասխանատուները չեն կարող իրենք իրենց դեմ պայքարել: Ուստի Հայաստանի տնտեսությունը կկարողանա ազատ շնչել միայն իշխանափոխությունից հետո: Իսկ մինչ այդ պետական պարտքի ամեն ամիս ավելացումները մեր «մահամերձ» տնտեսությանը ոչնչով չեն կարող օգնել: Այդ գումարները լավագույն դեպքում կնպաստեն, որ «հիվանդի» կյանքն արհեստական երկարաձգվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս