ՀՀԿ-ն ԱՄՆ-ին չզարգացած պետությո՞ւն է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. Հայաստանի Հանրապետությունը բոլորեց իր անկախության 24-րդ տարին, որի ընթացքում արդեն երրորդ անգամ է, որ ներքաղաքական կյանքի առանցքում սահմանադրությունն ու դրա փոփոխությունն են: Ըստ էության, այս անգամ էլ տիրապետող են երկու ծայրահեղ մոտեցումները, երբ այո-ի կողմնակիցները երկրի խայտառակ վիճակը արդարացնում են սահմանադրական «անճշտություններով», իսկ ոչ-ի կողմնակիցները գովաբանում են գործող սահմանադրությունը:

Այսուհանդերձ, 24 տարեկան պետությունը կարծես պետք է մտածեր թեկուզ անկատար Սահմանադրությամբ կայացնելու պետական ինստիտուտները, այլ ոչ թե դրանք պայմանավորեր լոկ թղթի վրա մնալու «չարամիտ» հատկություն ունեցող սահմանադրական դրույթների թերություններով: Աշխարհի առաջնակարգ պետությունների օրինակով ստորեւ փորձենք բացահայտել սահմանադրական գործընթացների հայաստանյան առանձնահատկությունը:

Այսպես՝ 1848թ. Չարլզ Ալբերտ արքայի կողմից ստեղծված սահմանադրությունը միտված էր իր իշխանության ներքո հավաքել իտալական մասնատված ու առանձին գործող պետությունները: Այս սահմանադրությունը կորցրեց իր նշանակությունը, երբ 1922թ. ֆաշիստները եկան իշխանության: Միայն 1947թ. սահմանադիր ժողովը ընդունեց Իտալիայի նոր սահմանադրությունը: 1983-1985, 1992-1994, 1997-1998 թթ. սահմանադրությունը փոփոխելու փորձեր արվեցին, սակայն անհրաժեշտ քաղաքական կոնսենսուս հնարավոր չեղավ ձեւավորել: Ցայսօր Իտալիայի Սահմանադրության առանձին հատվածներ փոփոխությունների են ենթարկվել ընդհանուր առմամբ 15 անգամ: Բայց եւ այնպես, կառավարման համակարգի ռադիկալ փոփոխություն տեղի չի ունեցել:

Գերմանիան, մինչեւ 1871թ. իր հիմնադրությունը, որպես միասնական պետություն լուրջ փորձ էր կուտակել` հանձինս 1849 եւ 1967թթ. սահմանադրությունների: 1918թ. հեղափոխությունը ծնեց «Վայմարյան» սահմանադրությունը, իսկ հիտլերյան դիկտատուրայից հետո միայն 1949թ. Գերմանիայում հաջողվեց ընդունել վերոնշյալ սահմանադրության հիմնական դրույթները պարունակող փաստաթուղթ: Մինչ 2003թ. Գերմանիայի սահմանադրությունը փոփոխվել է 50 անգամ, սակայն այստեղ եւս կառավարման համակարգը չի փոխվել, եւ պետությունը շարունակում է ցայսօր մնալ խորհրդարանական:

Ի դեպ, Մեծ Բրիտանիան, որը սահմանադրական միապետություն է, ընդհանրապես սահմանադրություն չունի: Այդուհանդերձ, Անգլիան ունի աշխարհում ամենահին իրավական բազան` սկսած 1215թ. ընդունված Ազատությունների մեծ Խարտիայից: 1689թ. այս երկրում ընդունվեց թագի` պառլամենտի օրենքներին ենթակա լինելու մասին ակտը, եւ ցայսօր Մեծ Բրիտանիայում իրական իշխանությունը պատկանում է խորհրդարանին: Այս ընթացքում Մեծ Բրիտանիան երբեւէ չի փոխել իր կառավարման համակարգը: Այս պետության սահմանադրական փորձառությունը լավագույն առհավատչյան է, որ երկրի հզորությունն ու քաղաքացու կյանքի բարելավումը իրականում կախված չէ սահմանադրությունից կամ կառավարման համակարգը շարունակաբար փոփոխելուց:

Անցնելով նախագահական կառավարմամբ հանրապետություններին` հարկ է նկատել, որ այստեղ էլ կառավարման համակարգի արմատական փոփոխություններ չեն նկատվում: Աշխարհի ամենահզոր տերության համբավը վայելող Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունն ընդունվել է 1787թ.: Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ում սահմանադրությունը փոփոխելը խիստ բարդ գործ է, ինչի համար անհրաժեշտ է դաշնային եւ նահանգային օրենսդիր մարմինների բացարձակ մեծամասնության աջակցությունը, արդյունքում մինչ օրս տեղի է ունեցել միայն 27 փոփոխություն: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը համոզված էր, որ նույն սահմանադրությամբ երկու տասնամյակից ավել չի կարելի ապրել, կարծում ենք, ԱՄՆ-ին համարում է շատ հետամնաց ու չզարգացած պետություն, քանզի ԱՄՆ-ն առաջնորդվում է նույն սահմանադրությամբ շուրջ 228 տարի, իսկ վերջին փոփոխությունն էլ կատարվել է 23 տարի առաջ` 1992թ.:

Ի դեպ, այս փաստաթղթի կազմման վրա աշխատել են այնպիսի փայլուն մտավորականներ եւ պետական գործիչներ, ինչպես Թ. Ջեֆֆերսոնը, Ջ. Ադամսը, Ջ. Ուլսոնը, Բ. Ֆրանկլինը, Ա. Համիլտոնը եւ այլք: ԱՄՆ-ի Սահմանադրությունն, ի դեպ, զգալիորեն կրում էր Կիկերոնի, Պոլիբիուսի, Լոկի, Մոնտեսքյոյի եւ այլ անգերազանցելի մտավորականների գաղափարական ազդեցությունը: Եւ, ահա, այսքան պայծառ ուղեղների մեկտեղումը վճռեց հօգուտ նախագահական կառավարման համակարգի` խորհրդարանի ծանրակշիռ ներկայությամբ հանդերձ: Արդյոք ՀՀ իշխանության ջատագովները կարող են շարունակել ծաղրել նախագահական համակարգը եւ համոզել, թե իրենք ավելի խելացի են ու հեռատես, քան վերը նշված համաշխարհային հեղինակությունները:

Նախագահական կառավարմամբ մեկ այլ պետություն` Ֆրանսիան, գործող սահմանադրությունն ընդունել է 1958թ.: Ընդհանուր առմամբ` Ֆրանսիան ընդունել է նվազագույնը 15 սահմանադրություն, ինչը երկրում 18-րդ դարի վերջից սկսած քաղաքական անկայունության խոսուն վկայությունն է: Ի դեպ, այս ընթացքում Ֆրանսիան քանիցս փոփոխել է կառավարման համակարգը` փորձարկելով գրեթե բոլոր կերպերը` բացարձակ միապետություն, հանրապետություն (նախագահական եւ խորհրդարանական կառավարմամբ), դիկտատուրա, կոնսուլություն, կայսրություն եւ այլն: Նկատենք, որ նաեւ այս հանգամանքով է պայմանավորված, որ Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դերակատարությունը գնալով նվազել է: 1958թ. ի վեր Ֆրանսիայի սահմանադրությունը փոփոխվել է 18 անգամ` առանց նախագահական կառավարման համակարգի հիմնասյուներին դիպչելու: Վերջին անգամ այս երկրում սահմանադրական փոփոխություններ եղել են 2008թ.:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ աշխարհի առաջավոր պետությունները գերազանցապես նախընտրել են կայուն կառավարման համակարգը: Այստեղ սահմանադրական փոփոխություններ տեղի են ունենում բառի իսկական իմաստով, երբ վերանայվում է մի քանի հոդված կամ մեկ դրույթ միայն: Իսկ Հայաստանում այսօր ծայրից ծայր փոխում են Սահմանադրությունը:

Ն. Հովսեփյան




Լրահոս