“Ժողովուրդ”-ն էլեկտրոնային նամակ է ստացել, որում առկա են մի շարք հարցադրումներ` ուղղված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Նամակում մասնավորապես ասված է. “Խնդրում եմ մի հարց ուղղեք պատգամավոր Մհեր Սեդրակյանին… Մի հորեղբայր ունի, ինչի՞ համար է մոռացել Սեդրակ Սեդրակյանին: Թող գոնե մեկ անգամ գնա, տեսնի հորեղբորը, իմանա՝ ոնց ա: Իրան թողես` ազգի մոտ թասիբից խոսի… բա ախպերներ ունի, հետաքրքրվո՞ւմ ա իրա ախպերներով… թե՞ մենակ կարում ա պապու նկարը մեծացնի ու տեղադրի տան մեջ, գոնե ինքն իր պապիկի մասին 10 տոկոս բան գիտի՞… Մի հորեղբայր ա մնացել, գոնե գնա, իմանա՝ ոնց է, չէ՞ որ իր հոր հարազատ եղբայրն ա Սեդրակ Սեդրակյանը, թե՞ արյունը ջուր է դառել, թե՞ փողը հեղափոխել է իր մտածելակերպըե: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Մհեր Սեդրակյանի հետ:
-Ես որ նման հորեղբայր ունենայի, այլ կլինեին մեր հարաբերությունները, ես իմ հարազատներին, իմ բարեկամներին իմ տունն եմ ընդունում, իսկ իմ տուն նման մարդիկ չեն գալիս: Երեւի իրենցից է, որ նման վիճակ է ստեղծվել, ու մեր հարաբերությունները տենց սառն են: Ես մեր հարեւանի շանը չեմ թողնում սոված մնա, ուր մնաց թե իմ հարազատ մարդուն: Էս վերջին ժամանակներս ինչ տեղեկություն ասես որ չտարածեցին, Վարդան Սեդրակյանին էլ էին ասում, որ Մհեր Սեդրակյանի եղբայրն է, հո կրակը չընկա՞նք, ինչքան Սեդրակյան կա` ինձ ասեն բարեկա՞մ է, ես իրեն չեմ ճանաչում: Մեկ էլ մի բան ասեմ, որ իմ հարազատները լրատվամիջոցների միջոցով իմ հետ չեն շփվում, ամոթ է: Եթե ես տենց բարեկամ, հարազատ ունենայի, իրանք իմ մոտ կգային, բոլորն էլ գիտեն, որ իմ դռները բոլորի առաջ բաց են: Եթե իրենք ցանկություն ունենային, կգային, կշփվեինք, ու ձեզ չէին ասի: Ես պարզ մարդ եմ, ինչ կա` դա եմ ասում:
-Այսինքն՝ նման բարեկամ չունեք, եւ թասիբի հետ կապված խնդիրներ էլ չկա՞ն:
-Իրականությունը սա է. մենք երեխա ենք եղել ու փոքր ժամանակվանից իրեն չենք տեսել, չի եկել, չի գնացել, չենք իմացել: Հիմա ես դրա համար մեղավոր չեմ, թող իրենք իրենց մեղավորությունը փնտրեն այդտեղ:
-Պարո՛ն Սեդրակյան, օրերս քննադատեցիք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին, նախորդ նախագահական ընտրություններից առաջ էլ քննադատեցիք ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այսինքն, ըստ Ձեզ, մշտապես սխալ մարդի՞կ են եղել մեր իշխանության ղեկին:
-Դե ի՞նչ ասեմ, ես մի քիչ հարմար չեմ գտնում Օսկանյանին… Ես աշխատել եմ որպես համայնքի ղեկավար եւ պատկերացնում եմ, որ համայնքի ղեկավարն ու Երեւանի քաղաքապետը նախ պետք է բոլոր փողոցներին ծանոթ լինի, իմանա` որտեղ ինչ պրոբլեմ կա: Իսկ Օսկանյանն այնքանով, որքանով որ ոչ մի բան չգիտի, դա արդեն կլինի մեր քաղաքի կործանումը: Անկախ նրանից, որ ինքը ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությունն է ներկայացնում: Ես ԲՀԿ-ի ղեկավարին շատ հարգում եմ, ինքն իմ ընկերն է, բայց իրենց ներկայացուցչին՝ որպես քաղաքապետ, ես նպատակահարմար չեմ գտնում:
-Ձեր կարծիքով՝ Օսկանյանն արտաքին գործերի վա՞տ նախարար է եղել:
-Ես չգիտեմ, իրենց խնդիրն է, ինձ թվում է, որ նորմալ լիներ՝ կմնար, կաշխատեր, էլի՛: Իսկ որ հանել են, դա արդեն ինչ-որ մի բան ասում է:
-Ճի՞շտ են այն տեղեկությունները, թե Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Ձեզ խոստացել է, որ եթե ընտրվի, Ձեր որդուն քաղաքապետի տեղակալ է նշանակելու, այդ պատճառով էլ Դուք ակտիվ քարոզչություն եք իրականացնում:
-Տարոն Մարգարյանն ընդամենն իմ ընկերն է, իր հայրն էլ է իմ ընկերը եղել: Ոչ մի պաշտոն չեն խոստացել, մենք պաշտոններով չենք գնա աշխատենք, այդ բոլորը հերյուրանք է, այդպիսի բան չկա: Ընդամենն իմ որդին ավագանու թեկնածություն է առաջադրել: Տարոնը լավ մարդ է, ինքն իր գործը գիտի: Քաղաքապետը պետք է համայնքի ղեկավար աշխատած լինի, քանի որ այդ դեպքում է մարդու աշխատանքը նորմալ լինում: Կոմունիստների ժամանակ ո՞նց էր` մարդը շկոլա էր անցնում, ներքեւից բարձրանում էր վերեւ, մինչեւ ինչ-որ պաշտոն էր ստանում:
Ժ. Եթե պարոն Սեդրակյանը շարունակի նման կերպ շփվել լրագրողների հետ՝ առանց ծնոտ կոտրելու սպառնալիքի, արդեն առաջընթաց է: Ուստի ամենեւին կարիք չկա մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու այլ եղանակներ որոնել՝ չտարբերակելով լրագրողներին ու նրանց ներկայացրած լրատվամիջոցը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 516 համար