НТВ գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում քրեական հեղինակություններ են ձերբակալվել: Աղբյուրը հայտնում է, որ նրանց մեջ են «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի որդին՝ Սերգեյ Ասատրյանը և քրեական հեղինակություն Արթուր Բաղդասարյանը: Նրանք ձերբակալվել են շորթման կասկածանքով:
Տեղեկացվում է նաև, որ Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավարի խոսքով՝ ծագումով Վրաստանից 29-ամյա և 41-ամյա կասկածյալների ձերբակալումը տեղի է ունեցել նախօրեին: Ձերբակալվածները փորձել են մոսկվացուց 1,2 մլն դոլար շորթել:
Քննության տվյալներով՝ կասկածյալները այրել են մի միլիոնատիրոջ պատկանող մերձմոսկովյան առանձնատունը: Տուժածը, իր կյանքի համար անհանգստանալով, համաձայնել է կատարել շորթիչների պահանջները և տվել է նրանց պահանջած գումարը:
Ամենայն հավանականությամբ՝ քրեական հեղինակությունները կկալանավորվեն: Ասատրյաններին մոտ կանգնածները հայտնում են, որ նրանց ընտանիքում լարված մթնոլորտ է: Ավագ Ասատրյանը փորձում է ամեն կերպ որդուն ազատել կալանավայրից: