
Այսօր ՄԻՊ գրասենյակում հանդիպեցին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Նրանք ներկայացնելով ԱԱԽ-ի և ՄԻՊ-ի նոր համագործակցության մասին՝ լրագրողներին հայտնեցին, որ Հայաստանում Նախագահի հրամանագրով ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով: Այդ կառույցը հետամուտ է լինելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը։ Նորաստեղծ հանձնաժողովը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը։
Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ինքը դրական է գնահատում ՄԻՊ-ի գործունեությունը, և Կարեն Անդրեասյանի նշանակումից հետո լսել է նաև թիրախավորված գնահատականներ: Այնուհետև ավելացրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի և փաստաթղթային նորմերից պիտի անցնենք էական պաշտպանության բարելավմանը:
Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ խնդիրներ կան դատաիրավական, սոցիալական, տնտեսական ոլորտներում: Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ վստահ է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի օգնությամբ այս տարի կլինի “ավելի շատ հաց ու ավելի շատ արդարություն”: