ԱԺ նիստում հատուկ ընթացակարգով ներկայացվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հեղինակած նախագիծը ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին: Նախագծով առաջարկվում է կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացակարգում որոշ փոփոխություններ կատարել, մասնավորապես գրավոր հարցերի դեպքում ընթերցել դրանցից միայն երկուսը, իսկ բանավոր հարցերի դեպքում հարցը հնչեցնելու համար սահմանել ոչ թե 3, այլ 2 րոպե: Չնայած այն բանին, որ նախագծին որոշ պատգամավորներ ընդդիմացան, այն առաջին ընթերցմամբ երեկ ընդունվեց:
Ըստ նախագծի հեղինակի՝ այս օրինագիծը կնպաստի, որպեսզի ավելի շատ հարցեր հնչեցվեն: Եթե հիմա 10-11 պատգամավոր է կարողանում հարց ուղղել, ապա փոփոխության դեպքում կլինի 15-16: Հիմնական զեկուցող Թ. Պողոսյանը հայտարարել էր, որ բոլոր խմբակցությունների հետ քննարկումներ են եղել` ՀՀԿ-ականներից շատերն ու ՕԵԿ-ականները դեմ են եղել:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել էր, որ նախագիծը մանրամասն քննարկել են հանձնաժողովում. «Եթե խորհրդարանում չլինի կոնսենսուս այս հարցով, հակված չենք, որ կյանքի կոչվի այն, որովհետեւ իսկապես փորձում ենք ձեռք տալ մի խնդրի, որը մեր պառլամենտարիզմին է վերաբերում, կուզենայի, որ բոլոր խմբակցություններն իրենց դիրքորոշումները հայտնեն, որ իմանանք` ինչ ենք անում: Մենք հակված չենք, որ այս նախագիծը կյանքի կոչվի»:
Երեկ սակայն Հովհաննես Սահակյանն ասաց, թե իրենք քննարկել են եւ որոշել, որ առաջին ընթերցմամբ կողմ կքվեարկեն նախագծին հետագայում քննարկումները շարունակելու նպատակով: ՕԵԿ-ը նախագծին ձեռնպահ քվեարկեց, իսկ ՀԱԿ-ը՝ դեմ: Արդյունքում 97 կողմ, 3 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչով է օրինագիծը «վատը», եւ արդյոք երկրորդ ընթերցմամբ այն «անցնելու» է, քանի որ իշխող ՀՀԿ-ականներից շատերը եւս դեմ են այդ օրինագծին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկի՛ն Զոհրաբյան, պատգամավորներից շատերը հայտարարում են, որ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը իրենցից որեւէ լավ բան չի ներկայացնում, ու եթե փոփոխություններ լինեն, ապա ավելի է բարդանալու իրավիճակը: Արդյո՞ք պատգամավորները ճիշտ են, արդյո՞ք դա արվում է՝ ընդդիմության ձայնը սահմանափակելու համար:
-Ես գտնում եմ, որ երեք րոպեն հարցերի համար շատ մեծ ժամանակ է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ պատգամավորները այդ երեք րոպե ժամանակն օգտագործում են այլ նպատակով. բրոնզե դարից գալիս են քարե դար, հետո միջնադար, այնուհետեւ ֆեոդալական ժամանակներ, որից հետո արդեն հասնում են 21-րդ դար: Գրագետ, պատրաստված պատգամավորի համար, կարծում եմ, մեկ րոպեն էլ բավարար կլինի՝ իր հարցը հստակ ու պարզ ձեւակերպելու համար, բայց սահմանվել է երկու րոպե: Իսկ ինչ վերաբերում է հնչած մոտիվացիային, իբրեւ թե այդ ամենն արվել է ընդդիմությանը ձայնից զրկելու համար, ես դա համարում եմ անլուրջ հայտարարություն: Եթե այստեղ մեր խնդիրը պառլամիտարիզմի զարգացումն է, ապա այդ գրավոր հարցումները ես բազմիցս հայտարարել եմ, որ կարելի է հանել: Ես նշել եմ, որ հատկապես մեծամասնության ներկայացուցիչները պայմանավորվում են կառավարության ներկայացուցիչների հետ, որ դու ինձ կտաս այս հարցը, ես կտամ քեզ այս պատասխանը, նախապես գրավոր կուղարկենք, ու ինչպես նշել եմ՝ դա էլ վերածվում է կանաչ տերեւի պատմությանը` տերեւը կանաչ է, շնորհակալ ենք, որ տերեւը կանաչ է, ու բոլորս ուրախ ենք, որ տերեւը կանաչ է ծրագրի շրջանակներում: Ես կողմ եմ, որպեսզի այդ գրավոր հարցերը հանվեն, որովհետեւ դա իսկապես իշխող մեծամասնության համար գործիք է՝ կառավարության հարց ու պատասխանը տապալելու համար: Իսկ ինչ վերաբերում է մյուս մոտիվացիաներին, ապա դրանք ինձ համար բացարձակ ընդունելի չեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ