ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում բազմաթիվ դժվարություններ և տհաճ անակնկալներ են սպասվում հայկական պատվիրակությանը: Բացի Ռոբ Ուոլթերի հայտնի զեկույցից, հունվարյան նստաշրջանի օրակարգում կարող է հայտնվել Միլիցա Մարկովիչի` Սարսանգի ջրամբարի հարցով զեկույցը:
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 4-ին Փարիզում տեղի էր ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: Արցախի կողմից մերժված ԵԽԽՎ զեկուցող Ռոբերտ Ուոլթերը, որի գործունեության ժամկետը նոյեմբերի 7-ին լրանում է, հասավ իր նպատակին և հակահայկական զեկույցն անցկացրեց հանձնաժողովում:
Այժմ էլ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորներն են հանդես եկել նախաձեռնությամբ` կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ: Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։ Այս հարցն էլ կքննարկվի նոյեմբերի 23-ին` սոցիալական հանձնաժողովի նիստում:
Այս երկու անակնկալներից զատ, հայկական պատվիրակությունն այլ դժվարությունների ևս կարող է բախվել: Իր հակահայկական և ադրբեջանամետ գործունեությամբ հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունդը 2016թ-ի հունվարին կարող է դառնալ ԵԽԽՎ նախագահ: Վերջինս մշտապես աչքի է ընկել հակահայկական գործունեությամբ և ադրբեջանցիների գործողություններում մշտապես պաշտպանել է նրանց:
Հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ուոլթերի զեկույցում կար կետ, որով վերջինս առաջարկվում էր «պատժել» հայկական պատվիրակությանը՝ զեկույցի պատրաստման ժամանակ չհամագործակցելու համար: Սա ենթադրում է տարբեր պատժամիջոցներ, այդ թվում նաև ձայնի իրավունքի զրկում: