Ինչպես ԲՀԿ-ի «շեֆությունը» ստանձնեց Հովիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական բյուջեի քննարկումը խորհրդարանում ցանկացած ընդդիմության համար «նվեր» է, քանի որ այդ փաստաթղթի քննարկման ժամանակ կարող է կոնկրետ փաստով ցույց տալ, թե ինչպես է իշխանությունը վատնում կամ անարդյունավետ ծախսում պետության միջոցները: Այդպիսով, ընդդիմությունը կարող է հանրությանը հստակ մատնացույց անել իր եւ իշխանությունների տարբերությունը:

Ավելին՝ ընդդիմության գոնե մի մասն այս ընթացքում լծված է սահմանադրական փոփոխությունների հակաքարոզչության գործին: Այսինքն՝ ընդդիմության այդ հատվածի համար պետբյուջեի նախագծի քննարկումը խորհրդարանում կրկնակի կարեւորություն պետք է ունենար եւ քննարկումների ընթացքում ընդդիմությունը ոչ միայն իշխանությունների ապաշնորհությունը պետք է փաստարկված ի ցույց դներ, այլ նաեւ ապացուցեր, որ հենց դա է սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու պատճառներից մեկը:

Սակայնյ հանրությունն ականատես եղավ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, որի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների այն մասը, որոնք ներգրավված են սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ակտիվ քարոզչության մեջ, առանձնապես ակտիվություն չեն ցուցաբերում:

Բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ոչ-ի քարոզիչներից միակ ակտիվություն դրսեւորող պատգամավորը, թերեւս, Հրանտ Բագրատյանն է: Բայց վերջինիս հարցադրումները կարելի է որակել որպես «կառուցողական», քանի որ նրա քննադատություններն ուղղված չեն իշխանությունների կոռուպցիոն բնույթը բնորոշող հերթական փաստը բացահայտելուն: Բագրատյանն ավելի շուտ փորձում է կառավարության անդամներին ապացուցել, որ ինքը նրանցից ավելի լավ է տնտեսությունից հասկանում: Այլ կերպ ասած՝ Բագրատյանը հերթական անգամ իշխանություններին անուղղակի ձեւով փորձում է հասկացնել, որ նրանք կարող են «օգտագործել» իր գիտելիքները:

Փաստորեն, խորհրդարանի ընդդիմության մի մասը, իսկ ավելի կոնկրետ՝ նախկինում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն խոստացողները ամեն կերպ խուսափում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությանը փաստարկված քննադատելուց, այսինքն՝ նրանց կոռուպցիոն գործունեությունը մատնացույց անելուց:

Երբ 2014-ի աշնանը Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խորհրդարանում 2015-ի բյուջեի նախագիծն էր ներկայացնում, նույն այդ ընդդիմադիրների պասիվությունը բացատրվում էր բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդի ԲՀԿ-ի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապով: Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ընդդիմություն, բայց խնամին ավելի կարեւոր է, եւ նրան չի կարելի քարկոծել: Իհարկե, դա չի նշանակում, որ այդ նույն ընդդիմադիրներին իսպառ էր արգելվել կառավարությանը քննադատել: Իրենց ընդդիմադիր դեմքը պահելու համար նրանք կարող էին Աբրահամյանին եւ նրա կառավարությանը վերացական եւ անուղղակի քննադատել:

Բուրժուա-դեմոկրատական հեղափոխականների դաշինքի փլուզոմից հետո, թվում էր, թե Աբրահամյանի եւ նրա կառավարության նկատամամբ դրված «արգելքն» այլեւս պետք է, որ առ ոչինչ հայտարարված լիներ: Սակայն իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ նախկին քաղաքական պայմանավորվածություններն ավելի խորքային են, եւ դրանք պայմանավորված չեն եղել այն ժամանակ ստեղծված քաղաքական իրավիճակով: Թերեւս կարելի է կռահել, թե ինչը կարող էր լինել ստեղծված իրավիճակի պատճառը:

Բանն այն է, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից եւ ԲՀԿ-ի «լիցքաթափումից» հետո այդ կուսակցության նկատմամբ «շեֆությունը» ստանձնել է հենց Հովիկ Աբրահամյանը: Հետեւաբար նախկին հեղափոխականների «համագործակցության» վերաբերյալ տվյալներն ու փաստերը կարող էին հայտնվել վարչապետի ձեռքում: Եթե իրոք այդպես է, ապա նախկին հեղափոխականներին կարելի է կարեկցել, քանի որ այդ դեպքում կասկածից վեր է, որ նրանց գործունեության շրջանակն ամբողջությամբ գծագրել եւ կառավարում է Հովիկ Աբրահամյանը:

Փետրվարյան իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները վկայում են, որ հենց այդպես էլ կա: Իշխանությունների կողմից նախկին բուրժուա-դեմոկրատներին մինչեւ վերջ չոչնչացնելը եւս իր բացատրությունն ունի. վերահսկելի «արմատական» ընդդիմությունն ավելի նախընտրելի է, քան անհայտներով պատված նոր ուժերը: Ավելին՝ քաղաքական դաշտում նոր ընդդիմության ձեւավորմանը խոչընդոտող ամենաարդյունավետ գործիքը հենց վերահսկելի բուրժուա-դեմոկրատներն են:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս