ԷԼԻ ԿՈՍՄԵՏԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի՝ երեկ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: Փոխադարձ կոմպլիմենտներ փոխանակելով` Սերժ եւ Տիգրան Սարգսյանները նշել են, որ իրենք աշխատել են դժվարին ժամանակներում եւ լուծել «շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ»: Ընդունելով Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության հրաժարականի դիմումը` Սերժ Սարգսյանը նաեւ ասել է. «Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը  համոզված լինի` անկախ բոլոր գնահատականներից՝ դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը, շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջեւ դրված խնդիրները»: Իհարկե, Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, չափազանցրել է` ոչ միայն այս կառավարության ստեղծած բարենպաստ միջավայրի մասով, այլեւ նոր կառավարության: Ի վերջո, հենց ինքն իր վերջին ասուլիսում բացահայտ ասաց, որ չի պատրաստվում էական փոփոխություններ կատարել այս կառավարության կազմում` դա պայմանավորելով նրանով, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն իբր թե կարողանում է լուծել իր առջեւ դրված խնդիրներն ու ապահովել խոստացված տնտեսական աճը. «Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը եւ ասեմ` գնացե՛ք, հրաժարակա՛ն տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են: Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն  դա»,-ասել էր Սարգսյանը` այդպիսով առաջ տանելով իր` դեռեւս դրանից մեկ տարի առաջ ներմուծած կառավարման փիլիսոփայությունը, թե` «կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր եւ ավելի վատ էլ լինել, չէ՞»: Սա, իհարկե, ապշեցուցիչ մոտեցում է մի երկրի ղեկավարի համար, որտեղ աղքատությունը վերջին 5 տարիներին պաշտոնական տվյալներով գրեթե կրկնապատկվել է, որտեղ եղել է ԱՊՀ տարածքում ամենամեծ տնտեսական անկումը, եւ վերջապես, որն օրեցօր դատարկվում է: Սակայն այդ ամենը կարծես թե շատ չի հուզում Սերժ Սարգսյանին, որը, դատելով ամեն ինչից, շարունակելու է կրել իր վարդագույն ակնոցները եւ հավատալ իրեն ներկայացված վիճակագրական տվյալներին: Դրանցից մեկի վրա հիմնվելով՝ հիշեցնենք, նա վերջերս պնդում էր, թե Հայաստանում կան 150 հազար դրամ աշխատավարձով հարյուրավոր թափուր աշխատատեղեր, սակայն մեր քաղաքացիները չեն ցանկանում նման «ցածր» աշխատավարձով աշխատել: Մինչ այդ էլ հավատացնում էր, թե Հայաստանից  զանգվածային արտագաղթն իրականում սեզոնային աշխատանքային միգրացիա է: Ինչեւէ, արդեն իսկ պարզ է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել, եւ կառավարության կազմում կլինեն հերթական կոսմետիկ փոփոխությունները: Ու թե այդքանից հետո ինչպես է Սերժ Սարգսյանը խոստանում երկրում կտրուկ բարեփոխումներ իրականացնել` միայն ինքը գիտե:




Լրահոս