Ուկրաինայում ՀՀ դեսպանը սկանդալային պատմության մեջ է հայտնվել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան աշխատող Անդրանիկ Մանուկյանը հայտնվել է բավական պիկանտ մի պատմության մեջ, թեեւ դա, իհարկե, պատմության մեղմ բնորոշումն է:

Պարզվում է՝ Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության նախկին ղեկավար Վիկտոր Սիվեցի կնոջ՝ Մարինա Ժուրավլյովայի տունը դարձել է Հայաստանի Հանրապետության դեսպանի նստավայր, թեեւ, կարծես թե չկան, տան վարձակալության մասին տվյալներ, եւ ըստ տեղեկությունների՝ իրականում դեսպանի նստավայրի մասին ցուցանակը քող է նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ համար, որոնք այժմ ապրում են Մոսկվայում: Սիվեցը Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի մտերիմներից է, եւ դրանով, երեւի թե, ասված է արդեն շատ բան:

Թե ինչ զարգացում կունենա այս պատմությունը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան պարզ է, որ սա արդեն իսկ ցույց է տալիս, ըստ որում՝ ոչ առաջին անգամ, թե իրականում ինչով են զբաղված Հայաստանը ներկայացնող դիվանագետները կամ, այսպես կոչված, դիվանագետները արտերկրում: Եվ այս խնդիրը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր դեսպանություններին, որոնք իրականում դիվանագիտական աշխատանքի քողի տակ ընդամենը անձնական կամ կլանային բիզնես-ներկայացուցչություններ են:

Եվ այս իրողությունն է պատճառը, որ մենք պարբերաբար տարբեր միջազգային ատյաններում ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության շահերը ոտնահարող դիվանագիտական գործընթացների: Որովհետեւ մենք չունենք Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող դիվանագիտական կորպուս: Մենք ունենք առանձին դիվանագետներ, սակայն չունենք կորպուս, ինչի հետեւանքով մեծ հաշվով ջուրն է ընկնում նաեւ այդ դիվանագետների աշխատանքը: Այդ պատճառով էլ հակահայկական տարատեսակ զեկույցները սկսել են ջրառատ գետ հիշեցնել՝ իրենց անընդհատ խոսքով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս