Խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում երիտիշխանությունները կարող են ՀՀԿ-ում «հեղաշրջում» իրականացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն լուրերը, որ սահմանադրական փոփոխություններն իշխանական համակարգում միանշանակ չեն ընդունվել, Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց են շրջանառվում: Սակայն այդ լուրերը, որպես կանոն, հիմնականում մի տեսակ անտեսված էին մնում, որովհետեւ տեղեկությունների սղությունը հնարավորություն չէր տալիս ընդհանրական պատկերը տեսնել:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առ այն, որ արդեն բավական երկար ժամանակ է՝ իշխանության ներսում երիտասարդների մի մեծ խումբ է ձեւավորվել, որի ներկայացուցիչները վաղուց ցանկանում են ղեկն իրենց ձեռքը վերցնել: Երիտիշխանություններն այս գործում լուրջ դաշնակից ունեն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, որն այս ընթացքում հետեւողական կերպով կարողացել է իր ծրագրերը գաղտնի պահել: Այս ծրագրի հաջողվելու դեպքում Սարգսյանն իշխանությունը պետք է ժառանգի իր փեսայի` Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի թիմին: Իսկ ինքը՝ Սարգսյանը, այս դեպքում կլինի երիտիշխանականների հիմնական «հովանավորը»: Ի վերջո, Մինասյանը ՀՀԿ նախագահի համար փաստացի որպես որդի է, ամենավստահելի մարդը: Նրան Վատիկանում դեսպան ուղարկելով՝ Սերժ Սարգսյանը փաստացի հոգաց, որ քաղաքական անցուդարձից հեռու մնա` ժամանակից շուտ չվարկաբեկվելու համար:

Նախագահական կառավարման պայմաններում վտանգը շատ մեծ է, որ իշխանության փոխանցումը կարող է տապալվել: Դրանում երիտիշխանությունները համոզվել են 2013-ի նախագահական ընտրությունների փորձից: Առավել եւս, որ երիտիշխանությունները չեն կարող չգիտակցել, որ եթե իրենք փորձեն 2018-ի նախագահական ընտրությունների միջոցով երկրի ղեկն իրենց ձեռքը վերցնել, ապա առավել հավանական է, որ, այսպես կոչված, տարեցները կհրաժարվեն իրենց աջակցել, եւ գործընթացը կարող է ձախողվել: Նախագահական ընտրություններում ձախողվելու դեպքում երիտիշխանությունները պարզապես կկործանվեն: Իհարկե, իշխանության, այսպես կոչված, տարեց թեւը եւս մեծ կորուստներ կկրի: Սակայն նրանց դեպքում դա կլինի իրենց ունեցվածքի մի մասի փոշիացում ընդամենը:

Խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում երիտիշխանությունները նախ կարող են ՀՀԿ-ում «հեղաշրջում» իրականացնել: Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելով՝ նրանց դժվար չի լինի դա անել: Ի դեպ, Մինասյանի թիմն իշխանության քոչարյանակական երիտկադրերի հետ եւս, կարելի է ասել, բոլոր հարցերում արդեն պայմանավորվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քոչարյանական երիտկադրերի առաջնորդը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն է, եւ ժամանակին նրա հրաժարականը հենց այս ծրագրով է պայմանավորված: Մինասյանը եւ Գեւորգյանը փաստացի համաձայնել են, որ եթե իրենց ծրագիրը հաջողվի, ապա իրենք իշխանությունը պարզապես կկիսեն: Նախնական բաժանմամբ Գեւորգյանին բաժին կհասնի գործադիրի կառավարումը, այլ կերպ ասած՝ 2017-ի խորհրդարանական ընտրություներից հետո նա կդառնա վարչապետ, իսկ Մինասյանի թիմը կվերահսկի խորհրդարանը:

Իհարկե, իշխանության, այսպես կոչված, տարեց թեւը եւս ձեռքերը ծալած չի նստել: Այս թեւի «առաջնորդը» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Որքան էլ նրա համար սահմանադրական փոփոխություններն անցանկալի լինեն, միեւնույն է՝ նա չի կարող դրան բացահայտ դեմ արտահայտվել: Սահմանադրական փոփոխությունների քարոզչական շտաբի պետի պաշտոնը ստանձնելով՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է գործընթացը փաստացի իր վերահսկողության տակ պահել: Եթե նա չստանձներ շտաբի պետի պաշտոնը եւ թույլ տար, որ ՀՀԿ-ի շտաբի պետ դառնա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ապա դա նույնը կլիներ, թե ի սկզբանե համաձայներ իշխանության ղեկը երիտիշխանականներին հանձնելու գաղափարի հետ:

ԲՀԿ-ի փլուզումը կանգնեցնելով եւ իր վերահսկողության տակ վերցնելով՝ Հովիկ Աբրահամյանն իր համար լրացուցիչ խաղաքարտ է ստեղծել, որը անհրաժեշտության դեպքում նա կօգտագործի` երիտիշխանականների գրոհը կասեցնելու համար: Իհարկե, այլ հարց է, թե որքանով կհաջողվի Աբրահամյանին իր դիրքերը պահպանել: Ամեն դեպքում, նա իր նահանջի ճանապարհը եւս գծել է: Իր որդուն` Արգամ Աբրահամյանին, Արտաշատի քաղաքապետ դարձնելով՝ նա փաստացի փորձել է ապահովել Աբրահամյանների կլանի անվտանգությունը: Եթե Աբրահամյանին չհաջողվի ՀՀԿ-ի «հեղաշրջումը» կանխել, ապա այդ դեպքում խաղի մեջ կմտնի նրա որդին` Արգամ Աբրահամյանը, որը հոր փոխարեն կստանձնի Արարատի մարզի պատասխանատվությունը, սակայն արդեն որպես երիտիշխանականների թիմի անդամ:

Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանն ամեն դեպքում իր ազդեցությունը կպահպանի:
Սա, կրկնում ենք, «իշխող նոր ուժի ձեւավորում» անվանումով ծրագրի ընդհանուր երանգներն են, որի մեջ հաշվի առնված չէ ընդդիմության դաշտում հնարավոր զարգացումները: Բանն այն է, որ եթե իշխանություններին չհաջողվի ներկա` թույլ եւ վերահսկելի ընդդիմադիր դաշտը պահպանել, ապա իրադարձությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ, եւ այդ դեպքում ներիշխանական մի շարք պայմանավորվածություններ կարող են հօդս ցնդել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս