«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ, հետեւելով Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ու դրան զուգահեռ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, եկել է մի եզրահանգման, որ Սերժ Սարգսյանը, միեւնույն է, չի ընտրվել, նրան՝ որպես ՀՀ նախագահի, Հայաստանի ներսում չեն ընդունում, եւ որ ամենակարեւորն է՝ նա այդպես էլ չլեգիտիմացավ:
«Շատ հետաքրքիր ինագուրացիա էր. ամենապատկառելի ներկայացուցչությունն ուներ Ռուսաստանի Դաշնությունը, եւ տպավորություն էր, թե ՌԴ նախագահի երդմնակալությունն էր, այլ ոչ թե ՀՀ նախագահի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց Ա. Կարապետյանը՝ հավելելով, որ Հայաստանի քաղաքական էլիտայի մեծ մասը չէր մասնակցում այդ արարողությանը: «Հասկանալի է, որ այսպես շարունակվելու դեպքում Հայաստանում բոլոր իրադարձությունները ավարտվելու են ներքեւից հեղափոխությամբ: Թե երբ կլինի դա, իրավիճակը ցույց կտա: Ես միշտ ասել եմ, որ հիասթափություն չի լինելու, մարդիկ պատրաստ են հեղափոխական իրավիճակի: Իսկ այն մարդիկ, որոնք ասում էին, թե ժողովուրդը հիասթափվել է, թող ուշադրությամբ հետեւեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին: Կարծում եմ՝ պարզապես ժամանակ է պետք իրավիճակը փոխելու համար»,-նշեց նա:
ԺԱՄԱՆԱԿ Է ՊԵՏՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ