Վերջերս լույս տեսավ պատանիներին հասցեագրված 7 պատմվածքների ժողովածու, որը կոչվում է «7 գույն»: Ժողովածուում ներառված գործերի թվում է մանկագիր Երազիկ Գրիգորյանի «Դինոզավրի համաստեղություն» պատմվածքը: Ընթերցողները կհիշեն նաեւ հեղինակի «Գնա, ապրիր հեքիաթում», «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» ժողովածուները: «Ժողովուրդ»-ը Ե. Գրիգորյանի հետ զրուցել է այն դժվարությունների մասին, որոնց հանդիպում է մանկագիրը, նաեւ պարզել, թե այսօր հայ մանուկի համար ո՞ր թեմաներն են «հրատապ»:
-Հայտնի փաստ է, որ մանկագրությամբ ոչ բոլոր գրողները կարող են զբաղվել: Օրինակ` Չարենցը ժամանակին փորձել է դա անել, բայց չի ստացվել: Կա՞ն որակներ, որոնցով մանկագիրը պետք է անպայման օժտված լինի:
-Տարածված միտք է, որ ամենից դժվարը մանուկների համար գրելն է: Այդ կարծիքը ծնող պատճառներից մեկն էլ երեւի այն է, որ մանկական գրականությունը հեշտ է ընթերցվում, եթե կարելի է այդպես ասել: Կարդալիս թվում է, թե նույն հեշտությամբ էլ կարելի է գրել: Բայց երբ փորձում ես գրել, դժվարությունը հանկարծակիի է բերում: Մի բան է մեծերի համար ասելիք ունենալը, այլ բան՝ փոքրերի համար: Ցանկացած մեծահասակի կթվա, թե ինքը փոքրերին ասելիք կունենա անպայման, ինչպե՞ս կարող է չունենալ: Բայց այդպես չէ, եւ դա մանկագրության «անսպասելի» դժվարությունն է: Գրավոր խոսքի մարդ լինելուց զատ՝ ներսդ պիտի այնպիսին լինի, որ երեխայի մաքուր միտքն ու ականջը խոսքդ չվանի, ասելիքդ ներս թողնի: Երջանկություն է, երբ տեսնում ես, որ երեխան քո տվածը վերցնում, պահում է իրեն: Այդ հարցում մեծահասակին կարող ես համոզել, իսկ երեխային՝ երբեք:
-Այսօր մեր իրականությունում կա՞ն այնպիսի երեւույթներ, որոնք Ձեզ` որպես հայ մանկագրի, հետաքրքրում են, որոնք, գուցե, հիմք դառնան առաջիկա հեքիաթի համար: Հայ մանուկի համար այսօր ո՞ր թեմաներն են հրատապ` բացի համամարդկային, բոլորիս հայտնի թեմաներից:
-Մեր իրականությունում չկա մի երեւույթ, որն ինձ չի հետաքրքրում: Բայց ես այդ իրականության մասին հեքիաթներ չեմ գրում: Երեխաներն առանց այն էլ կիսում են մեզ հետ այն, ինչ չպիտի կիսեին: Պետք չէ, որ նրանք իրենց փխրուն ուսը դեմ տան մեր անցյալի ու ներկայի բեռին: Հայ է երեխան, թե որեւէ այլ ազգի, նրան գնդակն ու թիթեռն են հետաքրքրում: Իսկ եթե արդեն այդպես չէ, ուրեմն մեծահասակները մեղանչել են նրա հանդեպ: Երեխային նախ ասում ես. «Սա գնդակ է», եւ հետո միայն ասում ես. «Սա քո գնդակն է»: Ես չեմ ուզում, որ մեր երեխաները կյանքից կտրված լինեն: Ես ուզում եմ, որ մենք երեխային նախ ասենք, թե ինչ բան է կյանքը, իրականությունը, ապա միայն ասենք. «Սա քո իրականությունն է»: Վաղը այդ երեխան կկարողանա իրեն հարմարեցնել իրականությունը: Եվ երբեք տեղի չի ունենա հակառակը: Իսկ դրա համար առաջին հերթին երեւակայություն է պետք: Ու թող հեքիաթը մնա այն աշխարհը, որը կօգնի աննկատ, նրբորեն, որը մանուկին կուղղորդի դառնալու ոչ միայն ճարպիկ ու գիտակ, այլեւ իմաստուն մեծահասակ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման դարաշրջանում հայ մանուկներին այսօր հեքիաթի, գրքի միջոցով հնարավո՞ր է զարմացնել, հուզել, «լցնել»:
-Դարեր առաջ, երբ ձեռագիր գրքերին սկսեցին փոխարինել տպագիր գրքերը, շատ գիտակներ ազդարարեցին գրքի արժեզրկամն սկիզբը ու հոռետեսական ելույթներ էին ունենում՝ կապված ոչ ձեռագիր գրքերի հետ եկող անխուսափելի ոգեղեն անկման հետ:
Նորամուծությունը միշտ էլ հակազդեցություն է առաջացրել: Իսկ ինչ վերաբերում է երեխաների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին չափից շատ ժամանակ տրամադրելուն, ասեմ, որ դրանում մեծահասակների մեղքը կա: Այդ տեխնոլոգիաները մուտք գործեցին նախ մե՛ր կյանք: Երեխայի համար, երբ նա սկսում է գիտակից դառնալ, ամեն ինչ նույնքան նոր ու հետաքրքիր է, որքան համակարգիչը: Եթե մեծահասակները ժամանակին հանդարտ վերաբերմունք ցուցաբերեին այդ նորությունների նկատմամբ, երեխաներն էլ դրանք բնական կընդունեին:
Իսկ հետո արդեն վարակի նման չէր տարածվի այդ մոլուցքը: Բայց եռքի ժամանակաշրջանը կանցնի հօգուտ օգտագործողի ու օգտագործվողի ճիշտ դերաբաշխման: Իսկ ինչ վերաբերում է հեքիաթին կամ առհասարակ գրքին, պետք չէ դրանք հակադրել նոր տեխնոլոգիաներին, քանի որ երեխաների ու պատանիների մեծ մասը կարող է այդ վեճը լուծել ի վնաս գրքի: Գիրքը պետք է դնել, այսպես ասած, գրապահարանի ամենաբարձր դարակում, ամենադժվարհասանելի տեղում, որպեսզի ձգտում առաջանա, որպեսզի, եթե երեխան չի կարդում, իր ենթագիտակցության մեջ գիրքը շրջանցած չլինի: Եվ նա մի օր անպայման կգնա դեպի գիրքը:
-Արդի հայկական մանկական գրականությունն այսօր որքանո՞վ է պահանջված: Նոր գրքերը հնարավոր լինո՞ւմ է իրացնել: Պահանջարկ ստեղծելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
-Այս հարցին հրատարակիչներն ավելի լավ կպատասխանեին: Ոչ մանկական գրականության հանդեպ ընթերցողների վերաբերմունքը հիմա ինձ շատ ավելի է դուր գալիս, քան տասնամյակներ առաջ՝ գրավաճառության բումի ժամանակ: Հիմա մոտեցումը շատ ավելի բովանդակային է: Կուզեի, որ մանկագրության հանդեպ էլ ավելի լուրջ լիներ մոտեցումը: Ճիշտ է, մանկական գրականության պահանջարկը միշտ էլ կա, քանի որ կա մեր ժողովրդի անձնուրացությունը զավակի հանդեպ: Բայց միայն գիրք գնելով դա չպիտի ավարտվի: Շատ կարեւոր է երեխայի համար կարդալը: Նույնիսկ եթե երեխան կարող է կարդալ, ճիշտ է, որ ծնողն ինքը մանկական գրականություն կարդա երեխայի համար: Այդպես երեխան իրեն պաշտպանված ու հասկացված կզգա: Դա բխում է նաեւ ծնողի շահերից: Երեխան դրանից հետո իր գաղտնիքը կվստահի ծնողին, ավելի ազնիվ կմեծանա: Պետք է երեխայի ու գրքի կապը ամուր պահել, անընդհատ հաճախել գրադարաններ ու գրախանութներ:
–Մանուկների համար գրքեր գնողներն, այնուամենայնիվ, մեծերն են: Ստացվում է` որ նախ անհրաժեշտ է նրանց «սիրտը շահել»: Իսկ ծնողները հաճախ նախապատվությունը տալիս են դասական դարձած արտասահմանյան մանկագիրներին, նրանք երբեմն չեն վստահում ժամանակակից մանկագրին: Ըստ ձեզ` սա ինչո՞վ է պայմանավորված:
-Այստեղ երկու հանգամանք կա: Նախ՝ մանկությունը կյանքի ամենակարճ շրջանն է: Շատերի համար հեքիաթն ավարտվում է մանկության հետ, իսկ այդ ընթացքում (երեխայի կողմից խոսքի ընկալումից մինչև նրա հասունացում) հազիվ հասցնում են ծանոթանալ հին ու բարի հեքիաթներին, որոնք որպես մանկական գրականություն, այսպես ասած, փորձված են:
Եվ ահա նոր հեղինակներին ծանոթանալ ու ժամանակ գրեթե չի մնում: Կա նաև մի այլ հանգամանք: Նոր, անծանոթ մանկական գրականությունը տպագրվելուց կամ թարգմանվելուց հետո գրականագետների, մանկական հոգեբանների կողմից պետք է ներկայացվի: Ծնողը անծանոթ հեղինակի ստեղծագործությունը իր երեխային ներկայացնելուց կարող է խուսափել, ինչպես անծանոթ ծագմամբ սննդից, որը եթե իրեն չի վնասի, ապա երեխային կարող է վնասել:
Ուրեմն` նախ պետք է օգնել, որ երեխայի մանկականությունը նրա հասունացմամբ չվերջանա:
Մարդ միշտ էլ իր սրտի մի անկյունում պիտի պահի իր մանկությունը ու գոնե ժամանակ առ ժամանակ մտնի այնտեղ՝ մաքրվելու: Այդ դեպքում նա երբեք չի դադարի հեքիաթներ կարդալ, ու կհասցնի կարդալ աշխարհի բոլոր հեքիաթները:
-Ձեր «Գնա, ապրիր հեքիաթում» գրքի հերոսները աստղեր են որոնում ջրափոսերում, բացահայտում են տիեզերքի գաղտնիքները: Գրքի մեսիջներից մեկն այն է, որ կյանքը կարող է լինել ոչ միայն պայքար, այլեւ համերաշխ գոյակցություն: Այսօր, երբ ամենուր փոխանցվում է այն գաղափարը, որ կյանքը պայքար է, եւ այդ պայքարի մթնոլորտը ներխուժել է ամենաանհավանական ծագեր, հնարավոր լինու՞մ է գրքի միջոցով մթնոլորտ փոխել:
-Հեքիաթը պե՛տք է համերաշխ գոյակցություն սովորեցնի: Դա ամենեւին չի նշանակում հրաժարվել պայքարից, համակերպվել: Մանուկ հասակում հեքիաթների աշխարհ չմտած մարդիկ են, որ աշխարհը ապրելու վայրից վերածել են պայքարի թատերաբեմի: Հեքիաթ չկարդացածներն են, որ չգիտեն, թե չար գործն ինչով է ավարտվում: Իսկ հեքիաթ լսած ու իրեն խնամող, սիրող մեծահասակի հետ հեքիաթի մասին զրուցած մարդը չի լռի ու թույլ չի տա, որ խոսեն նաեւ իր փոխարեն: Իմ հեքիաթներում ոչինչ բացահայտ ու մերկապարանոց չէ՝ ո՛չ Ձեր նշած «Գնա ապրիր հեքիաթում», ո՛չ «Ձերդ գերազանցություն վատ կախարդ պառավ» ժողովածուում, ո՛չ էլ իմ նոր ժողովածուում, որին շատ մոտ ապագայում կծանոթանաք: Ես սիրում եմ գրել, սիրում եմ մանուկների աշխարհը ու իմ գրականությամբ պահակն եմ այդ աշխարհի…
Աննա Բաբաջանյան