Երեկ տեղի ունեցավ նախագահական երդմնակալության երկու արարողություն. Մարզահամերգային համալիրում երդվեց Սերժ Սարգսյանը, իսկ Ազատության հրապարակում` Րաֆֆի Հովհաննիսյանը:
Սերժ Սարգսյանի երդմնակալությունը տեղի ունեցավ ԱԺ հատուկ նիստում` ըստ սահմանված արարողակարգի: Արտաքուստ ամեն ինչ կազմակերպված էր ըստ հավուր պատշաճի` տոնական զարդարված դահլիճ, հանդիսավոր մթնոլորտ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու օտարերկրյա հյուրեր: Հանդիսավոր տրամադրությունը միակ «փչացնողը» ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին էր, որը, ի նշան բողոքի, պառկել էր Մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ: Շատերը, հիշելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե Ս. Սարգսյանը երդմնակալության կգնա իր դիակի վրայով, կատակում էին, որ, փաստորեն, Րաֆֆու փոխարենը Գասպարին ինքն է պառկել աստիճանների մոտ` «Ժառանգության» նախագահին պարզերես անելու համար: Գասպարիին ոչ ոք անգամ չտեղաշարժեց. բարձրաստիճան հյուրերն էլ Մարզահամերգային համալիր մտնում էին ոչ թե աստիճաններով, այլ մեքենաները կայանում էին միանգամից շենքի մուտքի մոտ: Այնպես որ, նա ոչ մեկին չէր խանգարում:
Ս. Սարգսյանի մեքենան հատուկ շարասյան ուղեկցությամբ նախագահական նստավայրից մեկնեց Մարզահամերգային համալիր: Միայն թե շարասյունը սլանում էր մայրաքաղաքի դատարկ փողոցներով. չկար որեւէ քաղաքացի, որ կկանգներ ու կողջուներ Ս. Սարգսյանին: Մարզահամերգային համալիրում էլ ողջ կազմով միայն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն էին ներկայացել, իսկ ԲՀԿ-ից` միայն գործարարները: Ինչպես եւ սպասվում էր` չկային ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու քաղաքական իր թիմի պատգամավորները. շատ նստատեղեր պարզապես դատարկ էին: ԱԺ հատուկ նիստին 131-ից գրանցվել էր 92 պատգամավոր: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները, ՀՀԿ-ական պատգամավորներից առավել «շուստրիները» դեռ օրեր առաջ փորձել էին ԱԺ աշխատակազմի հետ բանակցել, որ դահլիճում իրենց «լավ տեղ» հատկացնեն` կադրերում հաճախ երեւալու համար: Մի քանիսին հաջողվել էր հասնել նպատակին. նրանք անընդհատ երեւում էին կադրում: Ու նկատվեց, որ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի ու ԱԺ նախագահի եղբայր Ջոնիկ Աբրահամյանի աչքերը փակվում էին ձանձրույթից: Իսկ Տարոն Մարգարյանը հորանջում էր:
Մարզահամերգային համալիրում ուղիղ ժամը 12-ին մեկնարկեց ԱԺ նիստը, ներս բերվեցին ՀՀ պետական դրոշն ու նախագահի խորհրդանիշը: Դահլիճ բերվեցին Վեհամոր Ավետարանն ու ՀՀ Սահմանադրության մայր օրինակը, որոնց վրա էլ Ս. Սարգսյանը երդվեց: Այնուհետեւ օրհնանքի խոսք հղեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը: Իսկ Ս. Սարգսյանը Տերունական աղոթքը կարդում էր իր առջեւ՝ սեղանին դրված թղթից` հնարավորինս աննկատ նայելով դրան: Այնուհետեւ նա ելույթ ունեցավ: Ընդ որում, իր խոսքում առանձնահատուկ կերպով շեշտեց նախ կաթողիկոսի, այնուհետեւ` «մեծարգո նախագահ Քոչարյանի», Արցախի Հանրապետության նախագահի, նախագահ Ղուկասյանի (նկատի ունի ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին-Ա.Գ.) անունները, դիմեց սիրելի քաղաքացիներին ու հայրենակիցներին, հյուրերին: Չգիտես` պատահաբար, թե միտումնավոր, բայց նա մոռացավ հատուկ ողջունել ԱԺ պատգամավորներին. սա այն դեպքում, երբ նա ելույթ էր ունենում ԱԺ հատուկ նիստին: Փոխարենը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում փորձեց այնքան օրիգինալ երեւալ, որ Ս. Սարգսյանին դիմեց «մեծահարգ նախագահ»-ով: Նկատենք, որ Ս. Սարգսյանը երեկ բավական տխուր էր, լարված. ողջ ընթացքում դեմքին ժպիտի նշույլ անգամ չերեւաց: Երդմնակալությունից հետո նա այցելեց Եռաբլուր պանթեոն, հետո ընդունեց հանդիսավոր զորահանդեսը: Ավելի ուշ նա ընդունեց նաեւ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը:
Ս. Սարգսյանի հետ զուգահեռ Ազատության հրապարակում իր երդմնակալությունն անցկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ազդարարելով Նոր Հայաստանի, չորրորդ հանրապետության ստեղծումը: Կեսօրին կայացած հանրահավաքը բավական բազմամարդ էր, մարդիկ տրամադրված էին կտրուկ գործողությունների: Սխալված չենք լինի, եթե ասենք` սա Ր. Հովհաննիսյանի ամենամեծ հանրահավաքն էր, որը նաեւ մեծ էներգիայով էր լեցուն:
Միայն թե նախագահական ընտրություններում կես միլիոն քվե ստացած Ր. Հովհաննիսյանը հաշվված ժամերի ընթացքում հասցրեց մսխել իր վերջին քաղաքական կապիտալը` հանրահավաքը վերածելով իր կողմից զորավար հռչակված ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ երեկոյան զբոսանքի: Նախ` իր երդմնակալությունից հետո նա ժողովրդին հրաժեշտ տվեց` կոչ անելով հավաքվել արդեն ժամը 18-ին Ազատության հրապարակում, ինչն առաջացրեց հասարակության զայրույթը. մարդիկ չէին ուզում հեռանալ: Իսկ ժամը 18-ի հանրահավաքից հետո կատարվածը վեր էր սպասվածից: Նախ` Հովհաննիսյանը ստիպված եղավ հայտարարել, որ գնում է Բաղրամյան 26, բայց ոչ թե գրոհելու են նախագահական նստավայրի վրա, այլ սպասելու` Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը ծնկաչոք գան ու ներողություն խնդրեն, որից հետո իրենք բարձրանալու են Ծիծեռնակաբերդ: Սակայն հենց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ոստիկանները փակեցին փողոցը (առավել մանրամասն տե՛ս էջ 4): Մթնոլորտն իրապես թեժ էր, ամեն րոպե հնարավոր էին բախումներ: Ր. Հովհաննիսյանը բանակցությունների գնաց Վ. Գասպարյանի հետ: 15 րոպե անց պարզվեց` Ր. Հովհաննիսյանը Գասպարյանի հետ ուղեւորվում է Ծիծեռնակաբերդ, բայց ոչ թե Բաղրամյան պողոտայով, այլ Սարյան փողոցով: Հետո զորավարի հետ միասին վերադարձան Բաղրամյան՝ իրենց սպասող սակավաթիվ ցուցարարների մոտ: Հովհաննիսյանն իր զորավարին խնդրեց բացել Բաղրամյան պողոտան: Ոստիկանապետի հարցին` «ի՞նչ ես ուզում անել», պատասխանը ցնցող էր` Բաղրամյան պողոտայով բարձրանալ Սիրահարների այգի ու վերադառնալ Ազատության հրապարակ: Այդպես էլ եղավ: Միայն թե զորավարի հետ դեպի Սիրահարների այգի զբոսանքին արդեն շատ քիչ մարդ էր մասնակցում: Ազատության հրապարակ վերադարձից հետո Հովհաննիսյանը երգեց ՀՀ օրհներգն ու բարի գիշեր մաղթեց բոլորին: