Արմեն Երիցյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Նախարարը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ շրջել է վարչության տարածքում, ծանոթացել վերջերս նորոգված հրշեջ մասի շինարարական աշխատանքներին, վարչության շենքի պայմաններին ու հնարավորություններին, զրուցել սպայական անձնակազմի հետ: Մ. Ղազարյանը նախարարին է ներկայացրել վարչության առջև ծառացած խնդիրներն ու արդեն լուծված բազում հարցերը:

Նշենք, որ ընթացիկ տարում ամբողջովին ասֆալտապատվել և գծանշվել է վարչական շենքի տարածքը, նորոգվել է վարչության տարածքում գտնվող «Կանխարգելում, օգնություն, փրկություն» խորհրդանշական հուշարձանը` նվիրված փրկարարներին: Շինության առաջին հարկում կառուցվել է խորհրդակցությունների դահլիճ, իրականացվել է շենքի և աշխատասենյակների վերանորոգում, կատարվել են տարածքի կանաչապատման, ներկման և բարեկարգման աշխատանքներ:

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ստեղծվել է 1960-ական թվականներին: 2010 թ. այն վերազինվել է նորագույն տեխնիկայով (ճապոնական «Իսուզու» մակնիշի 28 նոր հրշեջ ավտոմեքենաներով):

Երևան քաղաքի փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցման, մայրաքաղաքի բնակչության պաշտպանության, նախապատրաստման և ուսուցման, անձնակազմի պատրաստվածության ապահովման և կարգապահության բարձրացման հարցերին: Վարչությունն արձագանքում է Երևան քաղաքի տարածքում արտակարգ պատահարներին, մասնակցում քաղաքացիական և բնակչության պաշտպանության ծրագրերի ու պլանների մշակմանը, դրանց կատարման ապահովմանը և վերահսկմանը:

Գործունեության հիմնական ուղղություններն են Երևան քաղաքի կառավարման մարմինների և ուժերի պատրաստականության բարձրացումը, արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխման և հնարավոր հետևանքների նվազեցմանն ուղված միջոցառումների իրականացումը, ծառայության կազմակերպումն ու վերահսկումը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարն աշխատանքային այցով եղել է նաև նախարարության մշակույթի կենտրոնում` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և տարբեր ստեղծագործական խմբակներում ուսման համար անհրաժեշտ պայմաններին:




Լրահոս