ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԵՔԵՆԱՆ ՇՈՒՌ Է ԵԿԵԼ
Ապրիլի 8-ի առավոտյան  N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս շրջվել է ձախ կողքի վրա, ինչի  հետեւանքով խցիկում գտնվող 2 եւ մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: 5 զինծառայողների մոտ բուժզննումից հետո վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ մնացած  զինծառայողների առողջական վիճակը բավարար է:

ԹԱՂՄԱՆ ՀԱՄԱՐ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանի տեղեկացմամբ՝ երեք օրով ազատ է արձակվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը` մասնակցելու հոր հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը: Ազատ արձակման որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանը` թույլատրելով կարճաժամկետ մեկնել: «Ժողովուրդ»-ը ցավակցում է Տիգրանին

Ի՞ՆՉ ԵՐԵՍՈՎ
ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա է եղել նաեւ իրեն սնանկ հայտարարած «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը, որը եղել է մենակ, առանց ուղեկցության եւ համալիրի մուտքի մոտ ծանոթ դեմքեր տեսնելիս բարեւել անցել է` առանց որեւէ մեկի հետ զրուցելու: Բաղդասարովը չի խոսել նաեւ լրագրողների հետ` «Արմավիա»-ի վերաբերյալ հարցերով խորհուրդ տալով դիմել կառավարությանը:

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հետաձգվել է «Հարսնաքար»-ի գործով հերթական դատական նիստը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկա լրագրողներին հայտնել է, որ ապրիլի 5-ին գրությամբ դատարանին է դիմել պաշտպան Միհրան Պողոսյանը եւ խնդրել հետաձգել դատական նիստը, քանի որ մինչեւ ապրիլի 10-ը բացակայելու է հանրապետությունից: Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 13-ին:

ՀԱՆԳԻՍՏ ԷՐ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցելությունից հետո հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Նովրուզի եւ Զատկի ընթացքում շփման գծում հարաբերական հանգիստը գերիշխել է: Նրանք հույս են հայտնել, որ այն կշարունակվի:

ՆՄԱՆ ԵՆ
«Մենք ընդհանուր շատ բաներ ունենք, ես նրան մեծապես հարգում եմ եւ ցանկանում եմ ամեն տիպի հաջողություններ»,-երեկ Սերժ Սարգսյանի մասին ասել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, որը Երեւանում էր` մասնակցելու համար Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությանը:




Լրահոս