ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՀԱՅՏՆԻ՞ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման ժամկետներն արդեն հայտնի են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միջնորդները նախատեսում են Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպել դեկտեմբերի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի 26-ից 27-ը տարածաշրջան կատարած այցի նպատակը մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելն էր: Այդ մասին հայտարարել էր անձամբ Ջեյմս Ուորլիքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ներկայումս միջնորդները կողմերի հետ փորձում են հստակեցնել հանդիպման կոնկրետ օրը:
Երեկ «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց ճշտել, թե արդյոք նշված ժամանակահատվածում է նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: «Մենք պատշաճ կարգով, ժամանակին նախագահի հանդիպումների մասին տեղեկացնում ենք»,- պատասխանեց Հակոբյանը: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը նույն խնդրի առնչությամբ ասաց. «Նման հանդիպումների մասին նախագահի աշխատակազմը վաղաժամկետ տեղեկացնում է»:

 

 
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությամբ զբաղվող գործիչների հետ երեկ չի մեկնել մարզեր: Ի սկզբանե հայտարարվել էր, որ հեռուստատեսային ուղիղ եթերում կազմակերպվող այդ «ռեալիթի շոուին», ի թիվս այլ ընդդիմադիրների, մասնակցելու է նաեւ Պետրոս Մակեյանը: Սակայն «ռեալիթի շոուի» երեկվա՝ առաջին օրվա եթերի սկսվելուց հետո պարզվել է, որ նա մտափոխվել է: Մակեյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել իր որոշումը փոխելու քայլը: «Այն մարդկանց, որոնք ընդգրկված են քարոզչական խմբում, ես չեմ ճանաչում, ինչու պետք է քարոզչություն անեմ մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում, կարող է՝ քարոզչության ժամին իրենք ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում: Եթե թիմ չեղավ, ապա քո ասելիքը տեղ չի հասնելու: Կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե քարոզարշավն իրականացնենք բոլորով, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխությանը»:

 

 

 
Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առաջ է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան եւ գործող օրենսդրությամբ այլեւս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել: Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է որոշի, թե ով է փոխարինելու Հակոբյանին, կա՛մ էլ կառավարությանը հանձնարարի հատուկ Գորիկ Հակոբյանի համար օրենսդրական փոփոխություն նախաձեռնել: Սակայն, եթե Սարգսյանը որոշի Հակոբյանի համար օրենսդրությունը փոխել, դա կնշանակի, որ ԱԱԾ-ի ներկա ղեկավար կազմում չկա մեկը, որին նա վստահում է: Եւ այն, որ առանցքային պաշտոններում նշանակելու համար Սերժ Սարգսյանը կադրերի պակաս ունի, հաստատվում է այն փաստով, որ մեկուկես տարի է՝ նա չի կարողանում անվտանգության խորհրդի քարտուղար նշանակել: Ինչպես հայտնի է՝ այդ պաշտոնը 2014-ի ապրիլից թափուր է:

 

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 827 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը եղել է 4 միլիարդ 441 մլն 500 հազար դոլար: Այսինքն՝ անցած տարվա հոկտեմբերի համեմատ Հայաստանի պետական պարտքն արդեն իսկ ավելացել է մոտ 400 մլն դոլարով: Սակայն այս թվի մեջ ներառված չեն ՀՀ կառավարության վերջին նիստերում հաստատված վարկային համաձայնագրերով վերցվելիք նոր պարտքերը: Մոտավոր հաշվարկներով, միայն վերջին երկու շաբաթների կառավարությունը պետական պարտքը ավելացրել է մոտ 600 մլն դոլարով: Հայաստանի տնտեսությունում ստեղծված «մեռելային» վիճակը հուշում է, որ ՀՀ կառավարությունը միայն նորանոր պարտքեր վերցնելով՝ կարող է պետական բյուջեի «փլուզումը» կանխել: Հակառակ դեպքում կարող է պարզվել, որ ՀՀ կառավարությունն այլեւս ի վիճակի չէ աշխատավարձեր եւ թոշակներ վճարել:

 

 

 

ԱՆՏԻԱՊԱՏԻԿ

Հատկապես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ վերստին ակտիվացած քաղաքական խոստումները` ավելի լավ կյանքի կամ իշխանափոխության, հանրության մի զգալի մասի մոտ կրկին թարմացնում են Հայաստանից հեռանալու մասին խոսակցությունները: Մարդիկ` հուսահատված եւ հիասթափված ինչպես իշխանություններից, այնպես էլ, ցավոք, ընդդիմությունից, մտածում են, որ իրենց երեխաներն այս երկրում չեն կարող արժանավայել ապագա ունենալ, քանի որ մի կողմից կոռումպացված եւ մշտապես սին խոստումներ տվող իշխանությունները, կարծես թե, փակում են երկրում սահմանադրական ճանապարհով իշխանափոխության իրականացման բոլոր իրատեսական հնարավորությունները, մյուս կողմից էլ թուլակամ, ապագաղափարական եւ անմիաբան ընդդիմությունը այլեւս որեւէ հույս չի ներշնչում, որ երկրում կարելի է արմատական փոփոխությունների հասնել, անգամ փողոցային պայքարի միջոցով:
Եվ, ահա, մեր՝ հետզհետե դժվարացող կյանքից, առօրյա ծանր հոգսերից, երկրում տիրող անարդարությունից եւ, ամենակարեւորը, անհուսությունից, մեզանից շատերը ավելի ու ավելի հաճախ են մտածում Հայաստանից հեռանալու մասին` պարբերաբար կրկնելով՝ «էս երկիրը երկիր չի» արդեն իդիոմ դարձած արտահայտությունը: Սակայն երբ փորձում ենք առավել սթափ դիտարկել, թե ինչ է կատարվում աշխարհում, տեսնում ենք, որ իրականում այսօր Հայաստանը այս պատերազմների, ահաբեկչությունների, ճգնաժամերի եւ պայթյունների հորձանուտում անդորր մի կղզյակ է:
Ահաբեկչության վտանգն այսօր ողողել է ողջ աշխարհը, եւ անգամ ամենաբարեկեցիկ եւ զարգացած երկրները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ. անվերջանալի պատերազմները Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, դրանց արդյունքում Եվրոպային սպառնացող միգրացիոն ճգնաժամը, պատժամիջոցների հետեւանքով փլուզվող ռուսական տնտեսությունն ու աղքատացող բնակչությունը, Թուրքիայում չդադարող ահաբեկչական գործողությունները, Ադրբեջանում հետզհետե խորացող բռնաճնշումներն ու բանտարկությունները… սա է այսօր բարեկեցիկ կյանք խոստացող արտաքին աշխարհի եւ մեր հարեւան երկրների իրական պատկերը:
Եվ, ահա, այս ամենի մեջ հանդարտ, հանգիստ եւ աղքատ ապրող հայաստանցիներս պիտի հասկանանք, որ մենք պարզապես իրավունք չունենք հուսահատվելու եւ մեր հրաշք երկիրը այս կոռումպացված իշխանություններին կամ ապիկար ընդդիմությանը թողնելու` սեփական երեխաների բախտը կապելով օտար եզերքների հետ: Մենք պարզապես պետք է մեր մեջ սպանենք այն ապատիան, որն առաջացել է անցած ավելի քան տասը տարիների պարբերական հուսախաբությունների արդյունքում եւ, ի վերջո, մեր մեջ ուժ գտնենք հեռանալու փոխարեն մեր կամքին տեր լինելու` այո-ի եւ ոչ-ի պայքարում թույլ չտալով, որ հաղթի անտարբերությունը:




Լրահոս