ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է «ՇՈՈՒԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ «ռեալիթի շոուի» շրջանակներում նախօրեին հյուսիս են մեկնել՝ այո-ի թիմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, իսկ ոչ-ի խմբից՝ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը՝ «Հայազն»-ից, եւ Նարեկ Այվազյանը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հրաժարվել է մասնակցել քարոզչական շոուին:

-Պարո՛ն Մակեյան, Դուք ընդգրկվել էիք «ռեալիթի շոուի» շրջանակներում՝ հյուսիսում մասնակցելու ոչ-ի քարոզարշավին: Ինչո՞ւ եք հրաժարվել, ինչո՞ւ եք որոշել այո-ի հետ քարոզչություն չիրականացնել:
-Ես այն մարդկանց, որոնք ընդգրկված են քարոզչական խմբում, չեմ ճանաչում, ես ինչու պետք է քարոզչություն անեմ մարդկանց հետ, որոնց ես չեմ ճանաչում, կարող է քարոզչության ժամին իրենք ինչ-որ անհասկանալի բաներ են խոսում, իսկ թիմի հետ դու ասում ես այն, ինչը բոլորի տեսակետն է, եթե թիմ չեղավ, քո ասելիքը տեղ չի հասնելու: Ես հարմար չգտա, քանի որ կարծում եմ, որ ավելի էֆեկտիվ կլինի, եթե քարոզարշավն իրականացնենք բոլորով, ովքեր դեմ են Սահմանադրության փոփոխությանը: Մենք մեր քարոզչությունն իրականացնելու ենք «Նոր Հայաստան»-ի հետ, մենք միասին ենք մարզերում լինում:
-Բայց կարծես թե «Նոր Հայաստան» քաղաքական միավորը ակտիվ գործունեություն չի իրականացնում, կարելի է ասել՝ մինչեւ այժմ համախմբում չկա ոչ-ի քարոզչության շուրջ: Ինչո՞ւ, ո՞րն է այդ պառակտման պատճառը:
-Չեմ կարծում, որ «Նոր Հայաստան»-ը ակտիվ չէ կամ պառակտված է, մենք մարզեր այցելում ենք, քարոզչությունն իրականացնում ենք, ինչ-որ պահից ավելի ակտիվ կլինենք:
-Տեսակետ կա, որ այո-ն ավելի ուժեղ դիրքերում է գտնվում, Դուք այդ կարծիքի՞ն եք:
-Այո-ն դիրք չունի, այո-ն թատրոն է, ու եթե կարողացան այդ թատերական ներկայացումից հետո թվեր նկարել, ուրմեն այդ թատրոնը կավարտվի, եթե չկարողացան, ուրեմն շատ ավելի լավ կլինի: Այո-ն ինչպե՞ս կարող է դիրք ունենալ, իրականում նման բան չկա: Մենք որոշել էինք իրենց հետ մասնակցել, բայց քննարկեցինք ու հասկացանք, որ մենք ավելի արդյունավետ կաշխատենք առանց իրենց հետ քարոզչություն իրականացնելու: Մեր խնդիրը, որ մենք մեր առջեւ դրել ենք, այն է, որ համախմբենք ժողովրդին, այդ առումով մեր քարոզչությունն ավելի արդյունավետ կլինի: Ես նորից եմ կրկնում՝ հասարակության մեջ այո-ն որեւէ դիրք չունի, իրենց նպատակը քաղաքական թատերականացումն է, իսկ մենք էլ պետք է դա կանխենք ժողովրդի օգնությամբ:
-Իշխանությունները հայտարարում են, որ ոչ-ը պարտվելու է, քանի որ ընդդիմությանն արդեն մի քանի տարի է՝ չի հաջողվում ժողովրդին համախմբել: Արդյո՞ք դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքին Ձեզ հաջողվելու է համախմբել հանրությանը:
-Դե, իշխանությունները պետք է նման հայտարարություններ անեին, իրենք էլ հենց դրա համար են, որ հայտարարություն անեն: Մենք ունենք դեկտեմբերի 1-ի հետ կապված մեր ծրագրերը, մենք ժողովրդին հրավիրում ենք Ազատության հրապարակ, որպեսզի այնտեղ ներկայացնենք մեր ծրագրերը, կատարվելիք գործողությունները, մենք դեռեւս քննարկում ենք մեր անելիքները, մեր ծրագրերը: Համախմբում կա, ու մենք միային մեկ ճակատով ենք ոչ ասում այդ փոփոխություններին: Չեմ կարծում, թե իշխանությունները պետք է հայտարարեին, որ ոչ-ի ճակատը համախմբված է, ուժեղ է, ու ուր որ է՝ մեր հարցերը լուծելու է: Իհարկե, իշխանությունները նման բան չեն ասելու, քանի որ իրենց նպատակն է այնպես անել, որ ընդդիմությունն ավելի թույլ երեւա, ավելի վատ վիճակում ներկայացնեն մեր ուժին: Պարզ է, որ իշխանությունը պետք է ասի այն, ինչն իրեն ձեռնտու է, այն, ինչը կօգնի իրեն ավելի ուժեղ լինել, դա իշխանությունների թատրոնն է, որոնք իրենք ցույց են տալիս:
-Ոչ-ի ճակատում համախմբվածները տարբեր դիրքորոշում ունեն քարոզչության հարցում, ամեն մեկն իր ձեւով է այդ քարոզչությունն իրականացնում, դա չի նշանակում, որ ընդդիմության մեջ միմյանց «չընդունելու» խնդիր կա:
-Գուցե կան տարբեր ուղղություններ, բայց նրանց միակ խնդիրը հանրաքվեի չեղարկումն է, դա հստակ է բոլորի մոտ, «Նոր Հայաստան»-ը ավելի մեծ նշաձող է վերցրել, որ պետք է պարտադրել արտահերթ ընտրություններ, իսկ մյուսներն էլ պայքարում են այդ փոփոխությունների չիրականացման համար: Մենք էլ ժողովրդին ասում ենք, որ արդեն պետք է դուրս գալ հրապարակ ու պահանջել, որպեսզի իշխանությունները հրաժարվեն այդ ամենից: Տարբերությունն այսքան է, իսկ մյուս դեպքերում ամեն ինչն էլ միասնական է: Իշխանությունները Ծառուկյան Գագիկին լուրջ չէին վերաբերվում, իսկ երբ տեսան, որ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ, ու իրենք հասկացան, որ կարող են իրենց հարցերը լուծել, Ծառուկյան Գագիկին սկսեցին ճնշել, ունեզրկելով վախեցնել, մենք էլ ունեցվածքներ չունենք, որ մեզ կարողանան ճնշել: Մենք միշտ էլ մինչեւ վերջ գնացող ենք եղել: Եթե 2008 թվականին մեր առաջնորդը մինչեւ վերջ գնար, մենք էլ գնացող էինք, ուղղակի մենք միշտ էլ ունեցել ենք առաջնորդներ, որ կեսից հետ են կանգնել կամ մտել են գործարքի մեջ: Մենք այս անգամ մեր հստակ ծրագրերն ունենք ու հստակ գիտենք, թե ինչ ենք ուզում ու ինչի համար ենք դա անում: Իսկ իշխանություններն էլ նրա համար են, որ փնովեն մեր գործունեությունը: Նորմալ է, դա իշխանությունների աշխատելաոճն է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՍԱՆՔ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ

Երեկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները հերթական քարոզչական հանդիպումներն ունեցան Կոտայքի մարզի բնակիչների հետ` նախ լինելով Չարենցավանում, ապա՝ Աբովյանում: Նկատենք, որ այս անգամ հավաքներն առավել մարդաշատ էին:

Տիրող ոգեւորող մթնոլորտում ելույթներով հանդես եկած «Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչները միաբերան կոչ արեցին դեկտեմբերի 1-ին համախմբվել Ազատության հրապարակում՝ կասեցնելու հանրաքվեի անցկացումը:
«Առանց ժողովրդի ոչ մի փրկության ճակատ ոչ մի բան չի կարող անել: Ամեն մեկը պետք է գիտակցի, որ իրենից է կախված երկրի ճակատագիրը»,-իր ելույթում նշեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը: Վերջինս տեղեկացրեց, որ հանրաքվեն անցկացնելու համար քաղաքային իշխանություններն իրենց հոսանք չեն տրամադրել: «Մենք որ եկանք այստեղ, մեզ հոսանք չտվեցին: Ասեցին, որ քաղաքային իշխանությունները պիտի տան: Այս պատճառով մենք մեզ հետ հոսանքը բերել ենք Երեւանից»,-հավելեց Չուգասզյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանն էլ իր հերթին հորդորեց բնակչությանը հավաքվել եւ համախմբված պայքարել, քանի որ, ըստ նրա, միայն այս կերպ կարող ենք որեւէ արդյունքի հասնել: «Երբեք ու երբեք չմտածեք, որ Հայաստանն այսպիսի անհույս վիճակից դուրս չի գա, նման վիճակներից ենք դուրս եկել: Պետք է լինենք համախմբված, խստապահանջ եւ վճռական»-նշեց Մանուկյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչների մարզային հաջորդ հանդիպումների հանգրվանը Սեւան, Հրազդան, Աշտարակ եւ Թալին քաղաքներն են, որտեղ նրանք կայցելեն այսօր:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ՕՐԻՆԱԽԱԽՏ ԽԱՉԻԿԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզել է, որ «Վալենսիա» ՍՊԸ-ն առանց ռադիոհաճախականությունների օգտագործման համար պահանջվող թույլտվության օգտագործում է 161.300 ՄՀց ռադիոհաճախականությունը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀԾԿՀ-ից: Նշված հանձնաժողովը մտադիր է նոյեմբերի 18-ին կայանալիք նիստում որոշում կայացնել՝ արգելել 161.300 ՄՀց ռադիոհաճախականությունն առանց թույլտվության օգտագործել: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանին` ձվերի Խաչիկին: Փաստորեն նա օրինախախտ է ոչ միայն ձվերի արտադրության, այլեւ ռադիոհաճախականության օգտագործման ոլորտում:

 

ԵՐԱՇԽԱՎՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
«Ամերիա բանկի» կողմից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Սադոյանի դեմ հարուցած դատական հայցի քննությունը նոր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս այս տարվա մայիսին «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Նավթ Ինվեստ» եւ «Սաֆիռ» ՍՊԸ-ներից ու ԱԺ պատգամավոր Ռ. Սադոյանից բռնագանձել շուրջ 83 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավորն այս պատմության վերաբերյալ ասել էր. «Իմ ընկերոջ ընկերությունն է եղել, ես էլ երաշխավոր եմ այդտեղ… այլ բան չկա: Ինչքան գիտեմ՝ արդեն այս հարցով պայմանավորվածություն կա, որ խնդիրը լուծվի»: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերը նշված ընկերությունները հոկտեմբերի 8-ին հակընդդեմ հայցով դիմել են դատարան` պահանջելով բանկի հետ կնքած պայմանագիրը անվավեր ճանաչել: Ինչպես ասում են` «կենացները քաղցրանում են»:

 

ԳՈՐԾԵՐՆ ՈՒՂԱՐԿԵԼ Է ԱԺ
ԱԺ-ում անցած տարվա գործունեության զեկույցը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ իր կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին ներկայացված դիմումները մշտապես մերժվում են: Արդյունքում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջարկեց օմբուդսմենին այդ գործերն ուղարկել իրեն, որպեսզի իրենք հասկանան, թե ինչ է կատարվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ը մոտ 10 գործ, որոնք վերաբերում են դատավորների կողմից քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերին, արդեն ուղարկվել են ԱԺ: Ի դեպ, ուղարկված գործերի մեջ է նաեւ «X գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանի հայցի հիման վրա Կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի կողմից «Ժողովուրդ»-ի դեմ կայացրած ապօրինի վճիռը, որի արդյունքում արգելանքի տակ դրվեցին օրաթերթի հաշիվները` խմբագրակազմին զրկելով աշխատավարձ ստանալու իրավունքից:




Լրահոս