Քաշքշուկ, լեզվակռիվ, հրմշտոց, միմյանց հասցեին հնչող անպարկեշտ արտահայտություններ, ոստիկանություն բերման ենթարկված երիտասարդներ: Երեկ այսպիսի մթնոլորտում անցան ՀՀ «նախագահների» երդմնակալության արարողությունները:
Երբ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում տված իր երդումից հետո հայտարարեց, որ պետք է տուն գնալ եւ կերակրել երեխաներին՝ ժամը 18-ին վերադառնալու պայմանով, հավաքվածներից մեկը գոռաց. «Շարժվենք դեպի Բաղրամյան 26»: Ի պատասխան՝ Ր. Հովհաննիսյանն ասաց. «Եթե դուք ուզում եք գնալ ձեր կեղծ նախագահի մոտ, գնացե՛ք, մենք չենք գնում Բաղրամյան, մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ: Վաղը՝ առավոտյան, կբացվի նոր Հայաստան»: Ու թեեւ հավաքվածները բղավում էին՝ «հիմա, հիմա», Ր. Հովհաննիսյանն ականջալուր չեղավ նրանց եւ հեռացավ հրապարակից, որից հետո ներկաներից շատերը չհանձնվեցին եւ արագ քայլերով շտապեցին Մաշտոցի պողոտա, որպեսզի Բաղրամյան պողոտայով հասնեին ՀՀ նախագահի նստավայր: Սակայն Բաղրամյան տանող բոլոր ճանապարհները ոստիկանները փակել էին եւ անգամ ակցիայի հետ առնչություն չունեցող քաղաքացիներին թույլ չէին տալիս անցնել փողոցը: Այստեղ սկսվեց ծեծկռտուք, քաշքշոց, մի քանիսին բերման ենթարկեցին:
Միեւնույն ժամանակ իրավիճակը բավական լարված էր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի դիմաց: Դասադուլ անող երիտասարդները բողոքի երթ էին կազմակերպել, իսկ բուհի դիմաց նրանց էին սպասում մի խումբ ուսանողներ՝ պահանջելով դասադուլավորներից հեռանալ բուհի տարածքից: Ավելի ուշ կրքերն այնքան թեժացան, որ նրանց միջեւ քաշքշուկ սկսվեց: Իրավիճակը հանդարտեցրին ոստիկանները: Իսկ թե ովքեր պետք է հանդարտեցնեին Մաշտոցի պողոտայից Բաղրամյան տանող հատվածում պատնեշ կազմած ոստիկաններին եւ նրանց ամոթանք տվող քաղաքացիներին, այդպես էլ անհասկանալի մնաց:
Այսպիսով՝ Բաղրամյան պողոտայով քայլերթ անցնելու բոլոր փորձերը ձախողվեցին: Անգամ բանն այնտեղ հասավ, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի քիթը կոտրվեց: Դարձյալ որոշ ակտիվիստներ բերման ենթարկեցին: Արդեն Դեմիրճյան փողոցում քաղաքացիներին միացան «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանը եւ Ստեփան Սաֆարյանը, որոնք ամեն կերպ փորձում էին հանգստացնել քաղաքացիական ակտիվիստներին՝ հորդորելով ակցիան շարունակել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ նրանց այդ հորդորներին միացավ նաեւ Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Սակայն երիտասարդները մնացին անդրդվելի ու բարձրաձայն բղավում էին. «Ամոթ, ամոթ, ծափահարենք ոստիկաններին», «Թագավորը մեռել է, կեցցե՛ ՀՀ քաղաքացին», «Ապասերժականացում, ապասերժականացում»:
Եվ մինչ Ր. Հովհաննիսյանը Սարյան փողոցում կզբոսներ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ու երթով կշարժվեր Ծիծեռնակաբերդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայում հավաքված մարդկանց հորդորեց հենց այդտեղ նստացույց սկսել: Շատ չանցած՝ ոստիկանները բերման ենթարկեցին Ղուկասյանին, որն առանց Րաֆֆու հետ խորհրդակցելու էր նման կոչ արել:
Նշենք, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը «տեխնիկական պատճառներով» չէր գործում: Հասկանալի է, որ իշխանությունները մտավախություն ունեին, թե մարդիկ կարող են մետրոյով գնալ Բաղրամյան՝ ՀՀ նախագահի նստավայր:
Արդեն ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, իր ընտանիքի եւ զորավար Վլադիմիր Գասպարյանի հետ Ծիծեռնակաբերդ կատարած քայլերթից վերադարձավ Ր. Հովհաննիսյանը՝ Բաղրամյան պողոտայում հայտարարելով. «Ուրբաթ օրը՝ ժամը 18:00-ին, մենք կհանդիպենք՝ մեր առաջարկներով, իշխանություններին ուղղված մեր մոտեցումներով: Իսկ այժմ ոստիկաններին խնդրում ենք բացել Բաղրամյան փողոցը, որպեսզի ՀՀ քաղաքացին ազատ քայլի»: Թե ուր պետք է գնան, Հովհաննիսյանը չհստակեցրեց. «Պարզապես կանցնենք նստավայրի կողքով, նորից կվերադառնանք Ազատության հրապարակ եւ բարի գիշեր կասենք»:
Հ.Գ. Մինչեւ երեկո բոլոր բերման ենթարկվածներն արդեն ազատ էին արձակվել՝ վարչական պատասխանատվության ենթարկվելով: Միայն Արմեն Մարտիրոսյանին են այսօր հրավիրել ոստիկանություն՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԾԵԾՎՈՒՄ ԷԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ