ՄԻԼԻՈՆՆԵՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն են հիշում «ատկատների» մասին Սերժ Սարգսյանի ելույթն ու չոր քննադատությունը` կապված պետական միջոցների անարդյունավետ բաշխման եւ յուրացման հետ: Նախընտրական քարոզարշավին պատրաստվող Ս. Սարգսյանը հերթով հաթաթաներ տվեց կառավարության անդամներին, իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ,  իր վերադասի «սթափեցնող» քննադատությանն ի պատասխան, պաշտոնանկ արեց պետական գնումների գործակալության ղեկավարին:
Դրանով էլ, ըստ էության, ամեն ինչ ավարտվեց: Իսկ պետական գերատեսչությունները շարունակում են անխնա մսխել պետական միջոցները, այդ թվում եւ պահուստային ֆոնդերից: Ահավասիկ` վերջին թարմ օրինակը. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի 2013թ. մարտի 1-ի որոշմամբ ՀՀ դատարանների պահուստային ֆոնդից 14956.66 հազար դրամ է հատկացվել մի քանի, մեղմ ասած, ոչ հրատապ նպատակների համար. շենքերի եւ շինությունների վերանորոգման նպատակով՝ 6718.560 դրամ, մեքենաների եւ սարքավորումների նորոգման համար՝ 3381.0, 816.0 դրամ Շենգավիթ, 322.0 Մալաթիա-Սեբաստիա, 830.0 Աջափնյակ եւ Դավիթաշեն, 1413.0 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների հաշվեկշռում հաշվառված ծառայողական մեքենաների սպասարկման եւ նորոգման համար: Միջոցները «խնայելու» նպատակով փոքր-ինչ ավելի սրտացավ վերաբերմունք են դրսեւորել Կենտրոնի դատարանի հանդեպ. գազի սարքավորումներ ձեռք բերելու եւ տեղադրելու նպատակով հատկացվել է 647.1 հազար դրամ: Նշենք, որ այդ ծառայության շուկայական գինը շուրջ երեք անգամ ավելի ցածր է, քան ներկայացված է որոշման մեջ: Միջոցներ են հատկացվել նաեւ գրասենյակային կահույք (շարժական աթոռներ, գրասեղաններ), ջրի սարքեր եւ չհրկիզվող պահարաններ ձեռք բերելու համար` ընդհանուր առմամբ  4210.0 հազար դրամի չափով:
Պահուստային ֆոնդի խնայողություններից հատկացված գումարների չափը բավական շոշափելի է, իսկ նպատակները, որքան կոնկրետ, այնքան էլ անորոշ են: Այս առումով հետաքրքիր է, թե վերահսկող մարմիններն ինչու իրենց թանկագին ժամանակից գոնե մի քանի ժամ չեն տրամադրում` նման ճոխ աշխատելաոճի ցանկություն ունեցող կառույցների գործունեությունը ստուգելու համար: Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ վերահսկիչ պալատի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանին, որը, սակայն, միայն նշեց, որ «վերահսկիչ պալատը դատական դեպարտամենտում ստուգումներ չի կատարել»:
Դրա համար էլ դատարանները հանգիստ ծախսում են պետական փողերը՝ մտավախություն չունենալով, որ կարող է որեւէ մեկն իրենց ձեռքից բռնել:

ՆԱՏԱԼՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս