Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել, որով պահանջում է «Սեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ՓԲԸ-ից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 16 մլն 141 հազար 385 դրամ:
Դատարանը բավարարել է պատասխանողի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը: ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում այս գործով առաջին նիստը կայացել է ապրիլի 4-ին, հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 11-ին: Ներկայում Երեւան-Սեւան մայրուղու ասֆալտի ծածկը գտնվում է ողբալի վիճակում: Միջպետական նշանակության ճանապարհը հիշեցնում է հեռավոր գյուղեր կամ սարեր տանող փոսաշատ ճամփա: Երեւան-Սեւան ճանապարհին վարորդներն անընդհատ ստիպված են շրջանցել փոսերը՝ այդ պատճառով հաճախ վթարային իրավիճակներ ստեղծելով: Եթե միջպետական այդ ճանապարհը նորոգվի, Սեւանի ճանշինն էլ գործ եւ համապատասխան ֆինանսական միջոցներ կունենա եւ կկարողանա կատարել իր հարկային պարտավորությունները: Շուտով ամառ է, Սերժ Սարգսյանն էլ սովորություն ունի ամռանը մեկնել Սեւանի թերակղզում գտնվող իր ամառանոց: Հուսանք, որ նա կնկատի Երեւան-Սեւան ճանապարհի ողբալի վիճակը եւ ճանապարհը նորոգելու հանձնարարական կտա: Նորոգումն էլ պետք է որակով արվի, որ ճանապարհը 1-2 տարուց շարքից դուրս չգա:
Տավուշ