ԿԱՌՈՒՑՈՒՄԻՑ Ի ՎԵՐ ՉԻ ՆՈՐՈԳՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուշարձանների պահպանության խնդիրը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է. շատ հուշարձաններ գտնվում են բարձիթողի վիճակում, օրեցօր քանդվում ու քայքայվում են: Էլ չենք խոսում դրանց թալանի մասին: Բոլորովին վերջերս էլ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը նշել էր, որ Տավուշի մարզի Սամսոնի վանքը գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում:
Հիշեցնենք, որ այն հնում մտնում էր Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կայեն գավառի մեջ։ Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակության օժանդակ շինություններից, որոնք գտնվում են ավերված վիճակում։ Գլխավոր կամ մեծ եկեղեցին համարյա կանգուն է, փոքր եկեղեցու միայն արեւելյան հատվածն ու պատերի ստորին շարքերն են պահպանվել։ Մատուռի ծածկը եւ հյուսիսային կողմի պատը փլվել են: «Ժողովուրդ»-ը դիմեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին` պարզելու, թե ինչ վիճակում է Սամսոնի վանքը:
-Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 20 կմ հեռավորության վրա գտնվող (Սամսոնի ջուր գետակի ձախափնյա անտառապատ սարահարթում) «Սամսոն» վանական համալիրը 12-13-րդ դարերի  կառույց է, եւ դրա պահպանությունն իրականացվում է ՊՈԱԿ-ի Տավուշի ՊՄՊ մարզային ծառայության կողմից: Մարզում եղած բազմաթիվ այլ հուշարձանների ու եկեղեցիների թվում վանական այս համալիրն էլ նորոգման ու վերականգնման կարիք ունի: Կառուցումից ի վեր այն չի նորոգվել:
-Ընդհանրապես, հուշարձանների պահպանության առումով ի՞նչ իրավախախտումներ են արձանագրվել վերջին շրջանում:
-Միայն անցյալ տարի ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների կողմից արձանագրվել է իրավախախտման 67 դեպք: Օրինախախտումները տարաբնույթ են: Օրինակ` Ուշիի Սուրբ Սարգիս վանքի պահպանական գոտում ապօրինի շինություն էր կառուցվել: Մեր հետեւողականության շնորհիվ  դա  ապամոնտաժվել է, տարածքը բերվել է նախնական տեսքի: Սիսիանում գտնվող Դամբարանադաշտ հուշարձանի տարածքում  հուղարկավորություններ էին իրականացվել: Մեր ահազանգից հետո քաղաքապետի կարգադրությամբ հուշարձանի տարածքի զավթումը դադարեցվել է: Ինչ վերաբերում է գյուղատնտեսական խնդիրներին, ապա եղել են նաեւ դեպքեր, երբ հուշարձանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվել: Այդօրինակ վերջին ահազանգը ստացել ենք մարտի 12-ին Արարատի մարզի ՊՄՊ ծառայությունից: Իրավախախտումն արձանագրվել է «Քաղաքատեղի Դվին»  հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում, որտեղ ծառեր են տնկվել: ՊՈԱԿ-ի տնօրինությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուշարձանը նոր պահպանական գոտի չունի, եւ դա կարող է խնդիրներ առաջացնել, դիմել է ՀՀ մշակույթի նախարարին` խնդրելով հանձնարարել համապատասխան կառույցին սեղմ ժամկետում պահպանական գոտին կազմել եւ տրամադրել ՊՈԱԿ-ին: Իսկ դա հնարավորություն կտա հստակեցնել հուշարձանի բուն տարածքը եւ ապահովել դրա պահպանությունը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս