Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ցուցադրաբար չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, սակայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ, չհետեւելով իրենց առաջնորդին, եկել էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր` մասնակցելու Ս. Սարգսյանի երդմնակալությանը: ԱԺ հատուկ նիստին ներկա էին ԲՀԿ խմբակցության անդամներ՝ Արագած Ախոյանը, Գուրգեն Արսենյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Արմեն Ավետիսյանը, Մուրադ Գուլոյանը, Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արշակ Մխիթարյանը (Բրլիանտի Արշակ), Մուշեղ Պետոյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Գրիգոր Գրիգորյանը: “Ժողովուրդ”-ը երդմնակալության ավարտից հետո զրուցեց Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) հետ:
-Պարո՛ն Մարգարյան, ԲՀԿ առաջնորդն ու ղեկավար կազմը կարծես թե որոշել էին չմասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Ինչո՞ւ Դուք որոշեցիք ներկա գտնվել այդ արարողությանը:
-Բացարձակ ոչ մի որոշում չի եղել չմասնակցելու:
-Այսինքն` ԱԺ հատուկ նիստին մասնակցությունը Ձեր անձնակա՞ն որոշումն է:
-Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, չեմ հասկանում, թե որտեղից են նման ինֆորմացիա տարածում, երեւի չար լեզուներն են դրա մասին ասել, չգիտեմ:
–Դուք անձամբ շնորհավորե՞լ էիք Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններից հետո:
-Ես անձամբ չէի շնորհավորել, քանի որ չի եղել հարմար ժամանակահատված շնորհավորելու համար:
-Փաստորեն, ԲՀԿ-ն ե՞ւս ընդունում է, որ Ս. Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:
-Կներեք, բայց ես իմ անունից եմ խոսում, այո՛, իհարկե, ընդունում եմ ու վերջ: Հիմա այստեղ Ազգային ժողովի նիստ էր, ու ես եկել եմ նիստին մասնակցելու: Հիմա Դուք գտնում եք, որ ես այդ նիստին չպիտի՞ գամ:
-Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հեռացավ Հայաստանից ու Ձեզ հետ միասին չմասնակցեց երդմնակալության արարողությանը:
-Ես խնդրում եմ` ղեկավարի հետ կապված հարցերն ուղղե՛ք ղեկավարին: Ես այդ հարցին չեմ պատասխանի, Ձեր հարցերն ուղղե՛ք իրեն:
-Ձեզ դո՞ւր է գալիս այսօրվա Հայաստանը, որտեղից մարդիկ արտագաղթում են, ու ըստ “Գելափ”-ի ներկայացրած տվյալների՝ մնացողների 40 տոկոսն էլ ցանկանում է հեռանալ: Ժողովուրդն Ազատության հրապարակում պահանջում է Ս. Սարգսյանի հրաժարականը:
-“Գելափ”-ի տվյալները, դա… հիմա, որ Դուք ասում եք՝ արտագաղթում են, մենք հակառակը չենք ասում, բայց ժողովրդի մի զանգված, որ ընտրել է ընդդիմադիր թեկնածուին, իրենք իրենց թեկնածուի համար են գնացել այնտեղ: Դուք ինքներդ էլ գիտեք, թե նախագահական ընտրությունների ժամանակ ինչքան ձայներ է հավաքել, հիմա եթե դրա մի 10 տոկոսը գնա այնտեղ, կլինի մի մեծ բանակ ժողովուրդ:
-Որպես գործարար` Ձեզ գոհացնո՞ւմ է այսօրվա Հայաստանի վիճակը, Դուք կարողանո՞ւմ եք Ձեր բիզնեսները “ծաղկեցնել”:
-Ես բիզնեսմեն չեմ, ԱԺ պատգամավորը բիզնեսմեն չի կարող լինել, ես բիզնեսներ չունեմ: Ասեմ Ձեզ, բնական է, որ ես 100 տոկոսով գոհ չեմ կարող լինել, բայց տեսնում եմ, որ օրեցօր վիճակն ավելի է լավանում: Վերցրե՛ք ինֆորմացիան, թե ինչ աճ է ունենում, դրանք հո հորինովի բանե՞ր չեն, դրանք թվեր են, որոնք իրականությունն են:
-Եթե ամեն ինչ այդքան լավ է, այդ դեպքում ինչո՞ւ է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մշտապես դժգոհում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու կառավարության աշխատանքից:
-Խմբակցության ղեկավարի՛ն կամ քարտուղարի՛ն այդ հարցն ուղղեք:
-Ինչո՞ւ, Դուք խմբակցության հետ որեւէ կապ չունե՞ք:
-Կապ ունեմ, բայց ես իմ անունից եմ պատասխանում, ես չեմ խոսում խմբակցության անունից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 517 համար