Հավանաբար քչերը գիտեն, որ թատրոնի եւ կինոյի դերասան ԳԱՐԻԿ ՉԵՊՉՅԱՆԸ մոտ 11 տարի չի զբաղվել դերասանական արվեստով: Նա, սակայն, չի կարողացել հրաժարվել սիրելի մասնագիտությունից եւ թողնելով բարձր վարձատրվող աշխատանքը` վերադարձել է թատրոն: Ներկայում նկարահանվում է սերիալներում, աշխատում Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
-1995թ. Սունդուկյան թատրոնը մի պահ լուծարվեց, 6 ամիս գոյություն չունեցավ, հետո վերականգնվեց, դերասաններին նորից հրավիրեցին, ես հետ չվերադարձա, ու իմ կենսագրության մեջ եղավ արվեստից դուրս այլ մասնագիտություն: Պետական կառույց էր, մինչ 2006թ. այդ ոլորտում աշխատեցի: 11 տարի լավ աշխատանք, հարգանք եւ նույնիսկ փող ունենալուց հետո որոշեցի, այնուամենայնիվ, վերադառնալ թատրոն:
-Մարդիկ լավ կյանքից դժվարությամբ են հրաժարվում, կարծում եմ՝ տեղյակ էիք թատրոնի աշխատավարձից…
-Հենց դա է զարմանալին: Ունեի այդ բարձր աշխատավարձը, բայց հոգումս ինչ-որ բան այն չէր: Այն ժամանակ, երբ ես հետ գնացի թատրոն, 30.000 դրամ էր աշխատավարձը, բայց վերադարձա, որովհետեւ ինչ-որ պակաս բան էի զգում, բեմն ինձ հետ էր կանչում:
-Հիմա նկարահանվում եք տարբեր սերիալներում, նախագծերում, այդ պակասը լրացվա՞ծ է:
-Եթե ասեմ, որ 100 տոկոսով լրացված է, ճիշտ չի լինի: Իսկական դերասաններին կոչում եմ արտիստ, ինձ էլ եմ այդպիսին համարում: Արտիստի համար անհրաժեշտություն է անընդհատ խաղալը:
-Շատ արտիստներ խուսափում են նկարահանվել սերիալներում, Դուք` ոչ, դա մեծ ցանկությո՞ւն է, թե՞ պարզապես գումար վաստակելու միջոց:
-Երբ առաջին անգամ ինձ կանչեցին սերիալ, ես էլ այդքան ոգեւորված չէի, բայց եթե դու քո գործն ես անում, ուրեմն պարտաճանա՛չ ձեւով արա ու լա՛վ արա: Ես, հասկանալով, որ սերիալը բարձր արվեստ չէ, միեւնույն է, իմ գործն անում եմ պրոֆեսիոնալ ձեւով: Ես տեսել եմ՝ ինչպես են շատերն աշխատել. նկարահանվելուց առաջ գալիս էին, սցենարը վերցնում, կարդում ու մտնում նկարահանման հրապարակ: Մոտենում էին գործին որպես զբաղմունք: Ես մեր սցենարիստին ասում էի՝ ինձ նախօրո՛ք տվեք տեքստը, պետք է տանն աշխատեմ: Ես իմ գործին լուրջ եմ վերաբերում: Եթե կերպար ես ստեղծում, անհրաժեշտ է աշխատել վրան: Ինչ վերաբերում է ֆինանսին, քանի աշխատանք կա, նկարահանվում ես, ապրում ես, հենց մի քանի ամիս չնկարվեցիր, լավ չես ապրի:
-Ձեր կերպարները նմա՞ն են Ձեզ:
-Միանշանակ կասեմ` ոչ: Չեմ համաձայնում ամեն դեր խաղալուն, ընտրում եմ կերպարներս ու այնպես եմ անում, որ Գարիկ Չեպչյան անձից հեռու լինեն: Օրինակ՝ հիմա ես թատրոնում Էնվեր փաշա եմ խաղում, բայց կյանքում հո էդպիսի՞ն չեմ: Հետո մի բան էլ կա, եթե արտադրողները որակ են ուզում, պետք է պատրաստ լինեն նաեւ միջոցներ ներդնել: Հասարակ օրինակ բերեմ` եթե ուզում ես բարձր որակի հագուստ կրել, ասենք` “Բրիոնի”, “Ստեֆանո Ռիչի”, որտեղի՞ց պետք է գնես, բնականաբար, իրենց ֆիրմային խանութից: Չես կարող չէ՞ նույն կոստյումը Ֆիրդուսից գնել: Հուսով եմ՝ ասելիքս պարզ էր: Սակայն մի կողմից էլ հասկանում եմ, որ այս պահին պետությունն արվեստին մեծ ուշադրություն ու միջոցներ չի հատկացնում, հավանաբար ավելի լուրջ հարցեր ունի լուծելու` բանակ է պահում, ինչը շատ կարեւոր է, ինչ-որ բաներ է բարեկարգում, ներքաղաքական հարցեր է լուծում…
-Նշեցիք ներքաղաքական հարցերի մասին, ընթացող իրադարձություններին հետեւո՞ւմ եք:
-Հետաքրքրվում եմ, ունեմ իմ տեսակետը, առանձնահատուկ մոտեցումը, բայց չեմ զբաղվում: Ինքս իմ մեջ վերլուծություններ եմ անում, հասարակության խնդիրներից դուրս չեմ: Միանշանակ մտածում եմ երկրիս ապագայի մասին: Ուզում եմ այնպիսի երկիր ունենանք, որ մեր երիտասարդ սերունդն իր դպրոցական եւ ուսանողական տարիները ճիշտ օգտագործի, նվիրի գիտելիք ստանալուն: Ես շատ մեծ գումարներ չունեմ, բայց երեխաներիս ուսման համար ոչ մի գումար չեմ խնայի: Թող որդիներս լավ գիտելիք ստանան ու ուզենան այստեղ մնալ, որ լինեն իրենց երկրին պիտանի, չմտածեն օտար երկրում ապրելու, աշխատելու մասին: Ուզում եմ՝ գիտելիք ունեցող մարդը ճիշտ գնահատվի եւ արժեւորվի:
-Քանի՞ տարեկան են Ձեր երեխաները, ինչո՞վ են զբաղվում:
-Երկու որդի ունեմ, մեծը 15 տարեկան է, ավագ դպրոց է տեղափոխվել, մյուսը` 14 տարեկան: Ես շատ կցանկանամ, որ որդիներս լավ ուսում ստանան, լավ մասնագետներ լինեն ու իրենց երկրում ռեալիզացնեն ստացած գիտելիքները: Հուսանք՝ այդպես էլ կլինի, Աստված առաջ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ