Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը պայմանագիր է կնքել պրոմոութեր Ֆրենկ Էսպինոզայի հետ: Նշենք, որ Էսպինոզան աշխատում է այնպիսի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են՝ Դանիել Պոնսե դե Լեոն, Աբներ Մարեսը, Օսկար Վալդեսը, Անտոնիո Օրոսկոն եւ Կարդոն Մոլինան: Նոր պրոմոութերի խոսքով` Վիկ Դարչինյանը պետք է ռինգ վերադառնար ապրիլի 20-ին եւ մասնակցեր Մեքսիկայում կայանալիք մրցաշարին: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, ապրիլին նախատեսված մենամարտը չի կայանա, եւ, ամենայն հավանականությամբ, Կատաղած ցուլ մականունով վանաձորցի բռնցքամարտիկը մայիսի 10-ին ԱՄՆ-ում մեքսիկացի բռնցքամարտիկի հետ կանցկացնի չեմպիոնական գոտին վիճարկելու հավակնորդի մենամարտ: Ինչպես տեղեկացանք մեր աղբյուրներից, Վիկը մարզվելու է աշխարհի նախկին չեմպիոն Ջիֆ Ֆենիքի մոտ, որը եղել է պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջին մարզիչներից մեկը: ,Ժողովուրդե-ը տեղեկացավ նաեւ, որ Վիկը ցանկացել է մենամարտ անցկացնել Հայաստանում, սակայն ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են. ամենայն հավանականությամբ, մեքսիկացի բռնցքամարտիկը չի ցանկացել մենամարտել Վիկի հայրենիքում: Հիշեցնենք, որ Վիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2012թ. սեպտեմբերին` միավորներով հաղթելով Օրլանդո դե Վալեին:
Առաջիկայում` մինչեւ մայիսի 10-ի մենամարտը, “Ժողովուրդ”-ը կփորձի զրուցել Ավստրալիայում բնակվող, սակայն Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկի հետ: